Hetq.am–ը գրում է.

Ադրբեջանն ապրիլի 2-ին սանձազերծած ռազմական առճակատման ընթացքում կիրառում է մեծ թվով անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Դրանցից մի քանիսը ԼՂՀ պաշտպանության բանակն արդեն ոչնչացրել է (ապրիլի 5-ի ՊԲ տվյալներով՝ 12 հատ ԱԹՍ):

Ընդ որում՝ հակառակորդն ԱԹՍ-ները օգտագործում է թե հետախուզական, թե հարվածային նպատակներով: Արցախում գտնվող «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իրազեկ աղբյուրներից իմացել է, որ ադրբեջանական զինուժի ԱԹՍ-ների գործարկումը մեծապես ապահովում են իսրայելցի մասնագետները: Շեշտենք, որ հենց Իսրայելն է այս ոլորտում Ադրբեջանի թիվ մեկ գործընկերը:

Ընթերցողի համար նշենք, որ GPS-ի միջոցով կողմնորոշվող ԱԹՍ-ները վերգետնյա կառավարման կայանին կարող են փոխանցել պատկերներ իրական ժամանակում, ինչն օգտագործվում է հետախուզության, հրետանու նշանառության (հակառակորդի կոորդինատների փոխանցման միջոցով) համար, բացի դրանից՝ մարտական ԱԹՍ-ները կիրառվում են թիրախների խոցման համար:  

2007-2008 թթ. Ադրբեջանն Իսրայելին պատվիրել էր 4 հատ «Aerostar» եւ 10 հատ «Hermes-450» տիպի ԱԹՍ-ներ: Դեռ 2011-ին ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ համացանցային ոչ ստույգ տվյալներով Ադրբեջանի սպառազինության մեջ, բացի նշված երկուսից, կա նաեւ «Orbiter» ԱԹՍ: Սրա եւ «Aerostar»-ի արտադրողը իսրայելական «Aeronautics Defense Systems» ընկերությունն է: Իսկ «Hermes-450»-ինը՝ «Elbit Systems»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Silver Arrow»-ն:

2009-ին «Aeronautics Defense Systems»-ն ու Ադրբեջանը համաձայնագիր էին կնքել ԱԹՍ-ների գործարան կառուցելու մասին: 2011-ի մարտին կայացել էր «AZAD Systems» ձեռնարկության բացումը, որը կոչված էր «Orbiter-2M» եւ «Aerostar» սարքերի մասերի արտադրությանը: Հատկանշական է, որ 2010 թ. Գազայի ափերի մոտ թուրք-իսրայելական կոնֆլիկտից ու այդ երկրների ռազմական համագործակցության տապալումից հետո Իսրայելը հրաշալի հնարավորություն ստացավ իր արտադրանքը վաճառել Ադրբեջանին (նշենք, որ «Aeronautics Defense Systems»-ն Իսրայելում ԱԹՍ արտադրող երրորդ խոշոր ձեռնարկությունն է «Israel Aerospace Industries»-ից ու «Elbit Systems»-ից հետո):    

2011-ի սեպտեմբերի 12-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի երկնքում ՊԲ հակաօդայինները վայր էին գցել հակառակորդի անօդաչուն, որը, հայ մասնագետների փոխանցմամբ, իսրայելական «Hermes-180» եւ «Hermes-450» սարքերի հիբրիդ էր: Այն ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը «Հետքին» հայտնել էր, որ ԱԹՍ-ն խոցվել է էլեկտրոնային հարվածով, այսինքն՝ հայկական կողմը ծրագրային խափանումով շարքից հանել էր թռչող ապարատը, որը, կորցնելով կառավարումը, ընկել էր ու մասնատվել, չնայած «Հետքի» մեկ այլ աղբյուր ասել էր, որ սարքի վառելիքն է վերջացել, ինչով էլ պայմանավորված էր այն, որ ԱԹՍ-ն ընկնելիս չէր պայթել (տեսանյութում):

2014-ի օգոստոսին ՊԲ-ն ԼՂՀ-ի հյուսիս-արեւելքում խոցել էր ադրբեջանական եւս մի ԱԹՍ, որն ընկել էր ականապատ չեզոք գոտում:

Ապրիլի 2-ից ի վեր Արցախի տարածքում ոչնչացված 12 ԱԹՍ-ները, ըստ էության, տարբեր տեսակի են: Դրանցից առաջինը, օրինակ, որը խոցվեց ամսի 2-ին, շատ նման էր «ThunderB»-ի (նկարում):

Արցախյան երկնքում տեսախցիկների ֆիքսեցին նաեւ իսրայելական «Harop» անօդաչուն (ստորեւ ներկայացվող տեսանյութում): «Israel Aerospace Industries»-ի արտադրած այս ԱԹՍ-ն մինչեւ 6 ժամ կարող է թռչել երկնքում:

Posted by Ազատություն ռադիոկայան on Monday, April 4, 2016
Սրա առանձնահատկություն այն է, որ, ի տարբերություն իր նախորդ «Harpy»-ի, «Harop»-ը կարող է հեռակառավարվել նաեւ վերգետնյա կայանից, մյուս կողմից՝ այս սարքը, ռադիոալիքների կամ ռադարի միջոցով գտնելով թիրախը, վերածվում է «ինքնասպանի»՝ ինքն իրեն ուղղելով օբյեկտի վրա եւ նրան բախվելիս պայթելով (տեսանյութում): Թիրախի վրա գրոհելիս, սակայն, կառավարման կայանից հնարավոր է կասեցման հրաման տալ, որից հետո ԱԹՍ-ն վերադառնում է բազա կամ շարունակում է պարեկային թռիչքը:

Ապրիլի 2-ին սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական ԶՈւ-ն այս տիպի ԱԹՍ-ներով գրոհել է հատկապես հայկական կողմի տանկերի վրա: Հիշեցնենք, որ ՊԲ-ն մարտերում կորցրել է 14 տանկ:  

Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցությունը վերջին տարիներին թափով զարգանում է: Բացի «AZAD Systems» ձեռնարկության բացումից՝ 2012 թ. Ադրբեջանը 1,6 մլրդ դոլարիպայմանագիր կնքեց ԱԹՍ-ների արտադրման առաջատար «Israel Aerospace Industries»-ի հետ. վերջինս պարտավորվեց մատակարարել ԱԹՍ-ներ եւ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) նորագույն համակարգեր: Իսրայելական ընկերությունը հիմնել է նաեւ ԱԹՍ-ների օպերատորների ակադեմիա, որտեղ կարող են սովորել օտարերկրյա զինված ուժերի կուրսանտները: Դասավանդողներն իսրայելցի առաջատար մասնագետներ են: «IzRus» պորտալն այս նորության մասին գրելիս նշել էր, որ ամենայն հավանականությամբ այդտեղ սովորելու են նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի զինվորականները. այս երկրներն իսրայելական ԱԹՍ-ների հիմնական գնորդներից են:

Ներկայացնենք Ստոկհոլմի խաղաղության հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալները Իսրայել-Ադրբեջան ռազմական համագործակցության վերաբերյալ: Նշենք, որ զենք-զինամթերքի առքուվաճառքի գործարքները այս երկրներն սկսել են 2005-ից (սեղմելով նկարի վրա՝ այն կարող եք մեծացնել): 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել