■ Ռուսական կամ ամերիկյան ֆիլմերում, թերևս հաճախ եք տեսել, թե ինչպես է սպան զինվորներին հրամայում առաջ շարժվել՝ ինքը շարունակելով հետևից ղեկավարել մարտը։ Դա նորմալ է։ Պատերազմի ժամանակ սպայի կյանքը դառնում է ավելի թանկ, քան զինվորինը։ Խաղաղ ժամանակ մարդկային բոլոր կյանքերն օրենքի առաջ հավասարապես թանկ են ու պաշտպանելի, իսկ արդեն պատերազմի ժամանակ գործում են այլ՝ լրիվ անմարդկային օրենքներ, երբ մարդ արարածն առաջին հերթին վերածվում է պատերազմող ռեսուրսի, իսկ ռեսուրսը պետք է ճիշտ բաշխվի, ճիշտ խնայվի, ըստ այդմ՝ շատ հաճախ նախընտրելի է մի քանի զինվոր կորցնել, քան դիցուք՝ մեկ կապիտանի, որովհետև կապիտանին պատրաստելու վրա պետությունը հազարավոր, եթե ոչ միլիոնավոր դոլարներ է ծախսել և ամենակարևորը՝ ժամանակ։ Այսպես է ամբողջ աշխարհում։
■ Կապված բանակ կոչված ինստիտուտի սուր ընդգծված հիերարխիկ բնույթի և ի սկզբանե ենթակաների՝ հրամանատարների հրամանները վիճարկել չկարողանալու հետ՝ զինվորական հրամանատարներին՝ սպաներին, տեղին և անտեղի քննադատելը բնորոշ է թերևս բոլոր բանակներին, բայց ավելի կոնկրետ՝ հետխորհրդային երկրներին։ Սպաների հանդեպ ավելորդ ընդհանրացնողական լուտանքներից ու վայրահաչություններից այսքան տարիների ընթացքում, ցավոք, զերծ չի եղել նաև Հայաստանը։
■ Ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը իմ ունեցած տեղեկություններով մեր սպաներից առնվազն երեքը (այդ թվում՝ Հովիկ Մայիլյանը և Արմենակ Ուրֆանյանը) զոհվել են՝ ապահովելով իրենց զինվորների անվտանգ և կանոնավոր նահանջը առաջին գծից։ Խնդրում եմ խորությամբ ըմբռնել սա․ լավ հասկանալով պահի լրջությունը և վտանգի չափը և միևնույն ժամանակ ունենալով զինվորական կանոնադրությամբ իրենց շնորհված բոլոր օրինական լիազորությունները՝ զինվորներին հրամայելու մինչև վերջ մնալու և կռվելու դիրքերում՝ այս մարդիկ միայնակ են կռվել թշնամու անհամաչափորեն գերակշիռ ուժերի դեմ՝ հնարավորություն տալով ենթականերին ապահով նահանջել։

Խնդրում եմ, որ ամեն անգամ, երբ ուզեք էպիզոդիկ դեպքերի հիման վրա անհարկի ընդհանրացումներ կատարել և բանսարկել մեր սպաներին, հիշե՛ք այս մարդկանց անունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել