Սիրելի՛ հայրենակիցներ,

• անկախ այս պահին ռազմաճակատից եկող մասամբ հուսադրող, մասամբ հակասական լուրերի՝ հորդորում եմ բոլորիդ պատերազմը չհամարել ավարտված։ Ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ բոլորիդ, որ անելիք դեռ շատ կա ու բոլորիս համար կա (Բանակ/ռազմաճակատ առաքվող օգնությունը շարունակում է մնալ անհրաժեշտ և հրամայական)։
• Պիտի խնդրեմ, որ նույն զգուշավորությամբ շարունակեք վերաբերվել Համացանցում հայտնվող տարատեսակ նյութերի, ինչպես անում էիք այս օրերին։ Գրեթե շուրջօրյա ռեժիմով ես և ընկերներս պատրաստ ենք պատասխանելու այս թեմայով ձեր համապատասխան հարցերին։
• 2000-ական թվականների բանակաշինության գործընթացում թշնամու նկատմամբ մեր հիմնական առավելություններից մեկը եղել է Հայոց բանակի՝ թափանցիկ կառույց լինելը, և ժողովրդական վստահության բավականին բարձր մակարդակը՝ հանդեպ ՊՆ և պաշտոնական տեղեկություններ (ի տարբերություն Ադրբեջանի)։ Լիահույս եմ, որ պատերազմական նոր և աննախադեպ իրավիճակում հայկական պետական տեղեկատվաքարոզչական մարմինները հնարավորինս արագ կադապտացնեն իրենց քաղաքականությունը այս պայմաններին։
Արդեն իսկ տեղ-տեղ հիշատակվել է, և ես էլ իմ կողմից կարող եմ պնդել, որ ժողովրդյան վստահության կորուստը կարող է ճակատագրական պարտություն լինել մեզ համար տեղեկատվական ոլորտում։
• Ցերեկային հրադադարի հայտարարման լուրերին անմիջապես հետևեցին տարատեսակ կարծիքներ, գնահատականներ, այդ թվում՝ վրդովմունք, խորհուրդներ/«խորհուրդներ» և այլն։ Հստակորեն խնդրում եմ բոլորիդ՝ անկախ Հայաստանի ռազմական և քաղաքական ղեկավար անձանց հանդեպ ձեր ունեցած անձնական-սոցիալական դիրքորոշումից՝ զերծ մնալ սուր, կատեգորիկ և գրգռող գնահատականներից և բացասական տեղեկատվահոսքի համալրումից։ Դարձյալ անկախ Հայաստանի ռազմական և քաղաքական ղեկավար անձանց հանդեպ մեր ունեցած անձնական-սոցիալական դիրքորոշումից՝ հավատացնում եմ բոլորիդ, որ վերջիններս բավականին կոմպետենտ և փորձառու են և ինչպես 1990-ականներին, ի զորու են պետությունն ու ժողովրդին առաջնորդելու մինչև վերջնական հաղթանակ։

Մոնթեն ասում էր․ «Խաղաղութիւն պիտի ըլլայ միայն մեր յաղթանակով։ Անկարելի է խաղաղութիւն տեսնել առանց մեր յաղթանակի»։ Վստահ եմ, որ այս պատերազմում նույնպես հաղթելու ենք ու հաստատենք ավելի ամուր ու մշտակայուն խաղաղություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել