Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ-ադրբեջանական շփման գծի գրեթե ողջ երկայնքով մենք ականատես եղանք հակառակորդի ռազմական ներխուժման լայնածավալ գործողության, որի արդյունքում մինչ այս պահը մարտեր են ընթանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գրեթե ողջ երկայնքով (հարավ-արևելք, հյուսիսի-արևելք): Եթե համադրում ու վերլուծում ենք հրապարակային ու հասանելի տեղեկատվությունը, ապա իրավիճակը մոտավորապես ունենում է հետևյալ ուրվագծումները:

Ռազմական ներխուժման նախօրեին հակառակորդը հավանաբար ունեցել է ռազմական ներխուժման ու իրականացման առնվազն 2 ծրագիր:
Անակնկալ հարվածներ հասցնելով ԼՂՀ-ի հյուսիս-արևելյան ու հարավ-արևելյան հատվածներում, որը ուղեկցվել է գործողություններին մեծ քանակով ռազմական տեխնիկայի ներգրավմամբ, հրետակոծությամբ ու մեծածավալ մարդկային ուժի առաջխաղացմամբ, հակառակորդը, հավանաբար, նախ՝ փորձել է ստուգել ԼՂ ՊԲ ուժերի զգոնությունը, ապա՝ շեղել նրանց ուշադրությունը հնարավոր հարվածի հիմնական ուղղությունից: Ենթադրելի է, որ հաշվի առնելով Աղդամի հատվածում հակառակորդի կուտակած մեծածավալ տեխնիկան ու զորամիավորումները, որպես հիմնական հարվածային հատված դիտվել է հենց Աղդամ-Ստեփանակերտ գիծը : Հայկական ստորաբաժանումները, ընդունելով ֆլանգային մարտերը, ռազմատակտիկական նկատառումներից, անձնակազմի շրջանում մեծ կորուստներ չունենալու նպատակով նշված ուղղությունների որոշ հատվածներում անցել են էշելոնային պաշտպանության ետին գծեր՝ զիջելով որոշ դիրքեր:

Միաժամանակ որոշ դեպքերում հակառակորդի մարդկային ուժին հնարավորություն է տրվել, որպեսզի նա խորանա մեր վերահսկողության տակ գտնվող համեմատաբար խորքային հատվածներ, որից հետո, նրան շրջապատելով, հասցվել են մեծ կորուստներ, ոչնչացվել է ուղեկցող ու օգնության եկած տեխնիկան: Նշենք նաև, որ հավանաբար որոշ դեպքերում, ադրբեջանական զորամիավորումների առաջխաղացման արդյունքում մասնակի շրջափակման մեջ են նաև հայտնվել մեր առաջապահ որոշ ստորաբաժանումներ, որոնք սակայն մարտերով ու իրենց գրագետ մարտավարական քայլերի շնորհիվ դուրս են եկել շրջափակումից, կամ պաշտպանվել այնքան ժամանակ, մինչ օժանդակ ուժերը կհասնեն օգնության: Բարեբախտաբար ունեցել ենք հակառակորդի հետ անհամադրելի քիչ կորուստներ:

Հասկանալով, որ հայկական ստաբաժանումները կատաղի դիմադրություն են ցույց տալիս, ապա վերադիրքավորվելով` անցնում են հակահարձակման, պատճառելով իրենց մարդկային լուրջ կորուստներ(180+), ադրբեջանական կողմը հավանաբար ետ է կանգնել լայնածավալ հարձակման նախապես որդեգրված ռազմավարական առաջին պլանից, ու փորձել է հարցը մտցնել քաղաքական, տեղեկատվական հարթակներ՝ հայտարարելով, որ միակողմանիորեն դադարեցնում է կրակը (Պլան 2): Սա իրականում ծուղակ էր, ինչպես քաղաքական, տեղեկատվական, այնպես էլ ռազմական թիրախավորմամբ, որը հայկական կողմը բավական գրագետ շրջանցեց:

Նշյալ հայտարարության պահին ադրբեջանական զորամիավորումների վերահսկողության տակ էին գտնվում Թարթառ-Լևոնարխ գծի ու Ֆիզուլի-Ջեբրայիլ հատվածի որոշ դիրքեր, որոնց մեծ մասն այս պահին արդեն ազատագրված են: Հասկանալով, որ այդ ժամանակ իրենք ունեն դիրքային/հողային ձեռքբերում, որը կարելի է ներկայացնել սեփական հասարակությանը որպես իշխանությունների հերոսական քայլ ու դրանով փակել հանրային դժգոհությունները գոնե ինչ-որ ժամանակով, Ադրբեջանը իր կողմից հայտարարված միակողմանի կեղծ հրադադարի պարագայում շոշափելի զոհերի գնով անգամ ամեն բան անում էր դիմակայելու հայկական զորամիավումների հարձակողական գործողություններին: Իրականում իրեն օդ ու ջրի պես անհրաժեշտ էին այդ մի քանի դիրքերը, քանի որ ԼՂ խնդիրը Ադրբեջանի համար մինչ օրս ունի առաջին հերթին ներքաղաքական բովանդակություն/կարևորություն, իսկ դա նշանակում է, որ արդեն տված ահռելի քանակի կորուստները պետք է ինչ-որ կերպ հիմնավորել:

2-3 օրվա մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանն ունեցել է բացառիկ մեծ քանակի ռազմատեխնիկական կորուստներ՝ 2 ՄԻ 24 ուղղաթիռ, 20 տանկ, 6 ՀՄՄ-1/2, 4 ԱԹՍ, 3 ՄՄ-21 համակարգ, հրետանային այլ զինատեսակներ, ինչպես նաև ТОС-1 հրանետներ: Մենք նույնպես ունեցել ենք տանկի, հրետանային համակարգերի՝ սակայն հակառակորդի կորուստների հետ անհամեմատելի փոքր կորուստներ:

Պատերազմը դեռ չի ավարտվել: Այս անգամ այն ուղղակի հրադադարի վերակնքմամբ չի դադարի, այլ հստակ՝ այդ թվում իրավական հետևանքներ կունենա ԼՂ համակարտության հանգուցալուծման՝ մասնավորապես ԼՂՀ-ի իրավական կարգավիճակի ճանաչմանն ուղղված գործողությունների տեսքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել