Հանրապետական կուսակցության առաջնորդները պայմանավորվել են 100-օրյա քաղաքական արշավ ծավալել. նպատակն այն է, որ թույլ չտան միլիարդատեր Դոնալդ Թրամփին առաջադրվել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու: Այս մասին ասվում է The New York Times թերթի էլեկտրոնային տարբերակում հրապարակված հոդվածում:

Թերթի աղբյուրների տեղեկացմամբ՝ Թրամփի ընդդիմախոսները, որոնք նրան համարում են պոպուլիստ և պահպանողական արժեքների դավաճան, մտադիր են արդեն մոտ օրերս ակտիվ գործողությունների անցնել: Սկզբնական փուլերից մեկը կդառնա ապրիլի 5-ին ամերիկյան Վիսկոնսին նահանգում անցկացվելիք նախնական ընտրությունները, որտեղ Հանրապետական կուսակցության ազգային համագումարի մասնակից 42 պատգամավորները կորոշեն, թե ով է դառնալու նախագահի թեկնածուն:

«Թրամփի հակառակորդները անցած շաբաթ մի շարք «ռազմական խորհրդակցություններ» են անցկացրել, որպեսզի հայտնաբերեն նրա ավելի խոցելի կողմերը և որոշեն՝ արժե՞ արդյոք աջակցել նրա երկու մրցակիցներից որևէ մեկին՝ Թեդ Քրուզին կամ Ջոն Քեյսիքին»,- նշվում է հոդվածում:

Թերթի տեղեկացմամբ՝ Թրամփի հակառակորդների թվում է նաև «Աճի կողմնակիցների ակումբ» պահպանողական հեղինակավոր կազմակերպության նախագահ, հանրապետական Դևիդ Մակինտոշը, ով արդեն 2 մլն դոլար է ծախսել Թրամփի հեղինակությունը խաթարող քարոզչական նյութերի տարածման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել