Tert.am-ը գրում է.
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ժողովրդագրության վիճակի բարելավման համար միակ լուծումը ազգային ծրագիրն է համարում: «Հայերը երեխա ունենալու մշակութաբանական, կրոնական հակում ունեն: Ուղղակի մեր սոցիալական վիճակը իրոք ծանր է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Սոցիոլոգը կարծում է, որ ծնված երեխայի համար որոշակի գումար տալը, նպաստ հատկացնելը խնդիրը չի լուծում և անհրաժեշտ է համակարգված ծրագիր ունենալ, ըստ որի՝ բազմազավակ ընտանիքի երեխան կարողանա անվճար կրթություն ստանալ բուհերում, աշխատանքի ընդունվելիս, բանակում ծառայելիս ունենա արտոնություն: Ըստ նրա՝ այդ դեպքում ամեն ընտանիք կմտածի, որ շատ երեխաներ ունենալը բարենպաստ է երկրի և ընտանիքի համար:
«Մեզ մոտ արդեն հարյուր հազար չամուսնացած երեսնամյա կին և տղամարդ կա, որոնք եթե չամուսնանան, դա նշանակում է, որ հարյուր հազար երեխա չի ծնվի»,- ասաց նա և խոսեց նաև արտագաղթի խնդրի մասին:
«Ազգագրական լուրջ խնդիրներ ունենք և համապարփակ կոմպլեքս պլան պետք է լինի և գործը պետք է սկսենք դպրոցում, որպեսզի երեխան դպրոցն ավարտելիս ունենա կյանքի հեռանկարային պլան և իմանա ինքն ով է, ինչ է ուզում, և իր կյանքը կարգավորի այնպես, որ ունենա ընտանիք, երկու-երեք երեխա»,- ասաց նա:
Ահարոն Ադիբեկյանն անդրադառնալով վիճակագրական ծառայությանը՝ նշեց, որ այն միակ ամփոփ պատկերը ներկայացնող ծառայությունն է, և վերջին տարիներին մեծ առաջընթաց է ապրել՝ կիրառելով միջազգային ստանդարտները:



