234667246Եվրասիական տնտեսական միության բարդ ժամանակները հիասթափություն են առաջացնում նրա անդամների մոտ՝ հիմնականում Ղազախստանի:

Մինչդեռ Ռուսաստանը հակված չէ ուշադրություն դարձնել իր համագործակիցների անհանգստություններին՝ դրա փոխարեն մերթընդմերթ մտնելով հերթական քաղաքական քաշքշուկների մեջ: Արդյունքում՝ կառույցի այլ անդամները դառնում են Կրեմլի որդեգրած տնտեսական և աշխարհաքաղաքական ուղիների գերին:

Ղազախստանի տնտեսությունը 10 անգամ փոքր է ռուսականից, սակայն ավելի քան 2 անգամ մեծ է ԵՏՄ-ի այլ անդամների՝ Հայաստանի, Բելառուսի և Ղրղըզստանի տնտեսություններից միասին վերցրած: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վերջին ժամանակներում ամենադժգոհն է թվում միության այլ առաջնորդներից:

Փետրվարի 11-ին ԵՏՄ անդամ երկրների առաջնորդներին հղած իր ելույթում Նազարբաևը Չինաստանի կողմից առաջ մղվող «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» հետ մեծ ինտեգրման առաջարկություն է արել, ինչպես նաև Եվրախորհրդի, որի հետ Ռուսաստանը բարդ հարաբերությունների մեջ է Ուկրաինայում Կրեմլի ունեցած շահերի պատճառով:

Համագործակցությունը ընդլայնելու Նազարբաևի ցանկությունը հասկանալի է: Ղազախստանի ներառևտրային շրջանառությունը 2015թ. ցուցանիշներով կրճատվել է 37%-ով, իսկ ԵՏՄ-ի երկրների հետ 29%-ով: Անցած տարվա օգոստոսից թենգեի արժեքը դոլարի համեմատությամբ կիսով չափ անկում է ապրել:

Միության մյուս անդամները ավելի լավ վիճակում չեն: ԵՏՄ-ի ներսում տնտեսական շրջանառությունը նվազել է 26%-ով, և միության անդամ երկրները պետական պաշարներից ծախսել են միջինում 10-15%՝ ազգային արժույթների անկում թույլ չտալու համար, որոնք սրընթաց ցած են գլորվում նավթի գների անկման և Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի ճնշման ներքո:

Անցյալ տարի ԵՏՄ-ն ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Հարավարևելյան Ասիայում Ռուսաստանի դաշնակից Վիետնամի հետ, ինչպես նաև դիտարկում է Հնդկաստանի, Իսրայելի և Եգիպտոսի հետ նման համաձայնագրերի ստորագրման հնարավորությունը:

Ռուսաստանը սառը վերաբերմունք է ցուցաբերել Պեկինի առաջարկներին՝ կապված Շանհայյան համագործակցության կազմակերպության շրջանակներում ազատ առևտրի գոտի ստեղծելու հետ և հակադրվել է Շանհայյան համագործակցության կազմակերպության բազայով զարգացման բանկի ստեղծմանը, որը հիմնականում ֆինանսավորվելու էր Չինաստանի ռեսուրսներով:

Թուրքիան նույնպես հանդիսանում է Ղազախստանի խոշոր տնտեսական գործընկերը և «մի ժամանակ դիտարկվում էր որպես ԵՏՄ-ի գործընկեր», սակայն անցած տարվա նոյեմբերին ռուսական ռմբակոծիչի կործանումը թուրքական բանակի կողմից այդ հարցով յուրաքանչյուր համաձայնություն «անհնար դարձրեց քաղաքական պատճառներով»:

Թեպետ Նազարբաևը խփված ինքնաթիռի հարցում սատարում է Կրեմլին, սակայն Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուի փետրվարին Աստանա կատարած այցի ժամանակ նա խոստովանել է, որ Անկարայի և Մոսկվայի միջև անհամաձայնությունները «մեծ խնդիրներ» են առաջացնում Ղազախստանի համար:

Ղազախստանին դեռևս ավելի շատ հետաքրքրում է միջազգային ինտեգրումը՝ չսահմանափակված միայն Ռուսաստանով: Անցած տարի Ղազախստանը անհանգստության հստակ նշաններ է ցույց տվել՝ կապված Ռուսաստանի կողմից ԵՄ շաբլոնները ԵՏՄ ներմուծելու հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել