Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 40 տարում առաջին անգամ վերականգնվելու է Իրանի ու Հարավային Կորեայի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարությունը, որի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է կառավարական մակարդակով՝ կապված Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները չեղյալ հայտարարելու հետ։
Նախարարության տարածած հայտարարությունում նշված է, որ երկու երկրների միջև թռիչքներն իրականացնելու է Korean Air ավիաընկերությունը, որը երկրի խոշորագույն ավիափոխադրողն է։
Ընդգծվում է, որ Korean Air-ը դեպի Իրան նոր չվերթների մասին կհայտարարի մոտ ժամանակներս, դրանք իրականացվելու են Ինչհոնի միջազգային օդանավակայանից՝ շաբաթական չորս անգամ հաճախականությամբ։ Հարավկորեական ինքնաթիռները վերջին անգամ դեպի Թեհրան ուղիղ չվերթներ իրականացրել են նախորդ դարի 70-ական թվականների կեսերին։



