Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Tert.am-ի հետ զրույցում խոսելով այն մասին, որ Ադրբեջանն արդեն խոցում է ոչ միայն առաջնագիծը, այլև առաջնագծից բավական հեռու գտնվող հայկական տարածքներ, ասաց, որ դժվար է ասել, թե որտեղ է միջազգային հանրությունը, քանի որ, ըստ նրա այդ միջազգային հանրությունն առաջնորդվում է սեփական շահերով:

 

«Տեսնում ենք, որ բոլոր դեպքերում միջնորդները կամ պարզապես շահագրգիռ կողմերը սովորաբար առաջնորդվում են սեփական քաղաքական շահերով և եթե այդ պահին առաջնահերթությունը մեր տարածաշրջանում չէ, ցավոք, Ադրբեջանի նման պահվածքն էլ անուշադրության է մատնվում միջազգային հանրություն ասվածի կողմից»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պահվածքին, ապա ըստ նրա, ակնհայտ է, որ վերջին երեք տարիների քաղաքականության հիմնական նպատակը բանակցային գործընթացի տապալումն է և ցույց տալը, թե հակամարտությունը սառեցված չէ:

 

«Ադրբեջանը հետևողականորեն նման քաղաքականություն է իրականացնում և կրակելով խաղաղ բնակավայրերի և դիրքերի ուղղությամբ, ընդամենը փորձում է ֆիքսել հայտնի ուղղությունը, որ կա իր օրակարգում»,- նշեց քաղաքագետը:

 

Նա ասաց, թե վստահ է, որ Ադրբեջանն այդ ճանապարհով փորձում է ժամանակ շահել, թույլ չտալ, որպեսզի խաղաղ կարգավորում լինի ներկայում, որովհետև հասկանում է, որ բանակցությունների սեղանին չեն կարող ապահովվել բոլոր այն սպասելիքները, որոնք ձևավորվել են իրենց հասարակության շրջանում, և նաև հասկանում են, որ ռազմական ճանապարհով էլ դա անել չեն կարող:

 

«Հետևաբար, ամեն ինչ անում են, որ գոնե այս պահին խաղաղության պայմանագիր չլինի, իսկ ապագայում, եթե իրավիճակային փոփոխություն կլինի, փորձելու են սպասել իրենց համար ավելի բարենպաստ պայմանների»,- նկատեց նա:

 

Անդրադառնալով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովիհայտարարությանը, թե ո՛չ միջազգային միջնորդները, ո՛չ Ռուսաստանը չեն կարող հակամարտությունը լուծել Հայաստանի կամ Ադրբեջանի փոխարեն, քաղաքագետն ասաց. «Կարծում եմ, որ այս փուլում միջնորդներից ոչ մեկը չի ցանկանում հանդես գալ բանակցային գործընթացի որպես  հիմնական մոդերատոր, որովհետև լավ են հասկանում, որ արդյունքներ ձեռք բերել հնարավոր չէ, իսկ բանակցային գործընթացի պահպանման համար ոչ ոք չի ուզում պատասխանատվություն կրել: Դրա համար բոլորը հիմա փորձում են պատասխանատվությունը բարդել հենց հակամարտող կողմերի վրա, ինչն իրականում համապատասխանում է մեր պետությունների և Ադրբեջանի միջև ստեղծված հարաբերություններում»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել