Tert.am-ը գրում է.

FPWC հիմնադրամը պարզաբանում է տարածել կապված երեկ Ուրցաձորում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ առյուծը վնասել էր իր ճաղավանդակին մոտեցած քաղաքացուն։ Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև։

 

«Մարտի 10-ին՝ ժամը 20:30-ի մատույցներում, Արարատի մարզի Արալեզ գյուղի 44- ամյա բնակիչ Արտյոմ Ավետիսյանը մի խումբ ընկերների հետ ոչ սթափ վիճակում ապօրինի մուտք է գործել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կառավարվող հատուկ պահպանվող տարածք՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան:

 

Ա.Ավետիսյանն այնուհետ անցել է առյուծների վանդակի շուրջ տեղադրված կողպված արգելապատնեշը, մոտեցել ճաղավանդակներին և փորձել «փաղաքշել» առյուծին, ինչի արդյունքում ստացել է ձեռքի և ուսի վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ և գտնվում է այժմ: Ի պատասխան սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում շրջանառվող խեղաթյուրված և զրպարտական հայտարարությունների, տեղեկացնում ենք, որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հիմնադրամին պատկանող մասնավոր սեփականություն է:

 

Ապաստարանի սահմանագծին տեղադրված են ապօրինի մուտքն արգելող մի քանի ցուցանակներ: Տեղեկացնում ենք նաև, որ հետևելով անվտանգության սահմանված չափանիշներին, վանդակները, որտեղ ներկայում պահվում են առյուծները, ցանկապատված են դրանցից 3 մետր հեռավորության վրա գտնվող կողպված արգելապատնեշով, որի վրա նույնպես մի քանի տեղերում փակցված են մուտքն արգելող ցուցանակներ:

 

Հայտնում ենք, որ քաղաքացիների մուտքը տարածք եղել է անօրինական և կարող է պատժվել օրենքով սահմանված կարգով: Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու առյուծները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, ՀՀ բնապահպանության նախարարության և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության (ԿՀԾ) աջակցությամբ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի վերականգնողական կենտրոն են տեղափոխվել փետրվարին:

 

Անհրաժեշտ կարանտինային շրջափուլն անցնելուց և փաստաթղթային ձևակերպումներից հետո կենդանիները կտեղափոխվեն բրիտանական Peak Wildlife Park. Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում այժմ ընթացքի մեջ են Վայրի բնության փրկարար կենտրոնի շինարարական աշխատանքները: Վայրի բնության փրկարար կենտրոնի առաքելությունը կլինի Հայաստանում վայրի կենդանիների մասնակցությամբ միջադեպերի կանոնակարգված մասնագիտական կառավարումը: FPWC հիմնադրամը կոչ է անում լրագրողներին հավատարիմ մնալ լրագրողական էթիկայի սկզբունքներին և զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել