Araratnews.am-ը գրում է.
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ մարտի 12-ին, ընդունել է Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Արման Թաթոյանին:
Ըստ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Սեյրան Օհանյանը շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մեծապես կարևորելով Պաշտպանի ինստիտուտի դերը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համագործակցության զարգացման ու ամրապնդման հեռանկարները, ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ առկա մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ համատեղ աշխատանքների կազմակերպման հարցերում:
Մասնավորապես, անդրադարձ է եղել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ու ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական ենթակայությամբ ստեղծված Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի միջև աշխատանքային կապերի ստեղծմանն ու համագործակցության օպերատիվ համակարգի ներդրմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների աջակցությամբ համատեղ համալիր ծրագրերի իրականացմանը:



