Lion_Yerevan_Araratnews.am-ը գրում է.

Ովքե՞ր են մեղավոր և ինչի՞ հետևանք է, որ առյուծը փակ վանդակից հոշոտում է մարդուն:

Ուրցաձորում կատարվածի մասին արդեն տեղեկացրել էինք, որ առյուծները հոշոտել են Արալեզ գյուղի բնակիչ Արտյոմ Ավետիսյանին: Արալեզի գյուղապետի հավաստմամբ՝ տուժողը խմած է եղել, մոտեցել է առյուծի վանդակին և փորձել է խաղալ կենդանու թաթի հետ:

Araratnews.am-հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ բացի հոշոտված քաղաքացուց, մեղավոր են նաև տարածքի պատասխանատուները.«Խնդիրը նրանում է, որ տարածքը լավ չի վերահսկվում և մարդը, որը ոչ մի կապ չունի վերականգնողական կենտրոնի հետ, հարբած վիճակում ներխուժում է կենտրոն և փորձում ձեռքը խցկել վանդակ: Բնական է, որ համապատասխան ռեակցիա է լինում կենդանու կողմից, որովհետև գիշատիչ կենդանի է»:

Բնապահպանի խոսքով՝ իրականում խնդիրը մարդու վրա կենդանիների հարձակումը չէ. Այստեղ այլ խնդիրներ կան«Այս կենտրոնը ստեղծված է խեղված հոգեբանությամբ, լուրջ առողջական խնդիրներ ունեցող կենդանիների համար և այստեղ այդ կենդանիները պետք է վերականգնվեն: Այստեղ մեկ այլ հարց էլ կա՝ արդյո՞ք այդ վերականգնողական կենտրոնը, որ ստեղծված է, ինքն իր բոլոր պարամետրերով համապատասխանում է այն գործառույթներին, որոնք պետք է կատարի այդ կենտրոնը: Դա լուրջ տեղ պետք է լիներ, որտեղ կենդանիները շատ ապահով կլինեն»:

Սիլվա Ադամյանի խոսքով՝ միջադեպը խոսում է այն մասին որ կենտրոնը դեռ կայացած չէ.«Այնտեղ պետք է պահակներ լինեին, պետք է տարածք լիներ, որտեղից մարդիկ մտնում են, բայց չկա: Մենք բազմիցս հորդորել ենք, որպեսզի նյութեր տեղադրեն իրենց կայքում, որպեսզի հասկանանք, թե կենդանիներն ինչ վիճակում են, իսկ մեր հարցադրումներին պատասխան չի եղել, և արդյունքը եղավ այն, որ մենք այսօր ունենք այդպիսի միջադեպ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել