ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Tert.am –ի հետ զրույցում անդրադառնում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` ՌԴ կատարած աշխատանքային այցի արդյունքներին, ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի կողմից ԼՂՀ և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների, սպառազինությունների մակարդակի վերաբերյալ գնահատականներին: Ինչպես նաև այն հեռանկարին, թե արդյո՞ք Հայաստանը որպես երկիր, որը հնարավոր է` դասվի ապահով երկրների շարքը, կարող է այլընտրանք լինել Թուրքիային: «Հայաստանն իր ծավալով Եվրոպայում երրորդ երկիրն է, որ ընդունել է փախստականներ և լիարժեք իրավունք և հնարավորություն ունի` գործընկերային հիմունքներով` մասնակից լինելու փասխստականների նկատմամբ իրականացվող սոցիալ-տնտեսական և հումանիտար քաղաքականությանը` ԵՄ ընդհանուր տարածքում»,- ասաց Արտակ Զաքարյանը:
-Ինչպես կգնահատեք Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ՌԴ. Մոսկվայում, մասնավորապես, կայացել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցություններ, հանդիպում ՌԴ նախագահի հետ:
-Հանրապետության Նախագահի աշխատանքային այցը հայ- ռուսական զարգացող ռազմավարական գործընկերության շրջանակներում էր, և երկու պետությունների միջև դինամիկ զարգացող հարաբերությունները նման պարբերական հանդիպումների անհրաժեշտություն են առաջացնում: Եվ աշխատանքային կարգով քննարկված հարցերը երկուստեք հետաքրքրություն ունեցող խնդիրներ են, որոնք առնչվում են ինչպես տարածարջանային կայունությանը, ՀՀ-ի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության, տարածաշրջանի անվտանգության խնդիրներին, էներգետիկ համագործակցության հետագա խնդիրներին, ինչպես նաև` Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում ավելի խորը և փոխշահավետ համագործակցություն ապահովելու խնդիրներին: ՀԱՊԿ-ը որպես ռազմաքաղաքական համագործակցության միավոր շարունակում է մնալ Հարավային Կովկասում, նաև անվտանգության թիվ մեկ պատասխանատու միավոր և այս ուղղությամբ, նաև Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում կարևոր ժամանակաշրջան է ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ առջև դրված խնդիրներն արդյունավետ և փոխշահավետ տեսանկյունից լուծելու համար: Այս առումով, իհարկե, նաև նախագահների համատեղ որոշումները, նախկինում կայացված որոշումների շուրջ իրականացված աշխատանքները և խորհրդակցությունները բնականաբար, խիստ կարևոր են ընթացիկ փուլերը առաջ տանելու գործում:
- Նախագահ Սերժ Սարգսյանը նաև ընդգծեց, որ Սիրիայի հարցում կա դիրքորոշումների համընկնում ՌԴ-ի և ՀՀ–ի միջև: Հիմա քանի որ համաեվրոպական մակարդակում քննարկվում է այն հարցը, որ արդյո՞ք Թուրքիային պետք է տրամադրվեն գումարներ` փախստականներին տեղավորելու համար, ապա մեզ մոտ էլ եղան փորձագետներ, որոնք ակնարկեցին, որ հնարավոր է` Հայաստանը ևս հայտնվելով` ապահով երկրների թվում, դառնա այլընտրանք այդ հարցում Թուրքիայի համար: Այսինքն` փախստականների տեղավորման: Ձեզ ինչ է հայտնի այս առումով, կիսապաշտոնական կամ գուցե` պաշտոնական լուրերի մակարդակով:
- Իմ խորին համոզմամբ`Թուրքիան Եվրամիությանը խաբելու է փասխտականների հարցում և իմ պատկերացմամբ` արդարացված չէ ԵՄ-ի կողմից չափից դուրս վստահությունը Թուրքիայի հանդեպ փախստականների խնդրի լուծման հարցում: Սա, իհարկե, ժամանակը ցույց կտա, և կարծում եմ, որ ԵՄ-ն պետք է իր համար բավարար երաշխիքներ ունենա, որպեսզի Թուրքիան հետագայում երկակի խաղեր չխաղա: Հայաստանն իր ծավալով Եվրոպայում երրորդ երկիրն է, որ ընդունել է փախստականներ և Հայաստանը լիարժեք իրավունք և հնարավորություն ունի` գործընկերային հիմունքներով` մասնակից լինելու փախստականների նկատմամբ իրականացվող սոցիալ-տնտեսական և հումանիտար քաղաքականությանը` ԵՄ ընդհանուր տարածքում: Ես կարծում եմ, որ մեր պետական կառույցները և նաև հանրային սեկտորն այս հարցում անելիքներ ունեն: Ինչ վերաբերում է փախստականների և Սիրիայի խնդրին, բնականաբար, ՀՀ Նախագահն էլ իր խոսքում ևս մեկ անգամ կարևորեց ձեռք բերված խաղաղությունը, հրադադարը, որի պայմաններում միայն հնարավոր կլինի գտնել քաղաքական լուծումներ այդ բարդ և խճճված թնջուկում: Իրականում, մեզ համար շատ կարևոր են Սիրիայում խաղաղ զարգացումները և օր առաջ քաղաքական լուծումներ ունենալը բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
-Ռուս փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը հրապարակեց տվյալներ Հայաստանի ու ԼՂ սպառազինությունների, դիրքերի վերաբերյալ, հետո նաև հայտարարեց, որ դրանք ոչ այնքան գաղտնի տվյալներ էին, քանի որ բաց էին նեղ մասնագիտական ինչ-ինչ շրջանակների համար, սակայն Հայաստանում այդ քայլը գնահատվեց որպես ոչ բարեկամական քայլ ռազմավարական գործընկերոջ հանդեպ: Ձեր գնահատականը` որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի` ինչպես այդ քայլի նկատմամբ, այնպես էլ արդարացումների տեսանկյունից:
-Նախ, չեմ կարծում, որ կարիք կա այդպես արժևորելու փորձագետի մակարդակով հրապարակված նյութը, հատկապես, որ այն չի արտացոլում տարածաշրջանում ուժերի իրական հարաբերակցությունը: Եթե կա նման մտայնություն և անաչառ վերաբերմունք, ապա հուսանք, որ մի օր էլ այդ փորձագետն իր ինֆորմացվածությունը կցուցաբերի Ադրբեջանի զինտեխնիկայի և նրա տեղակայման վերաբերյալ համապատասխան հրապարակումներով: Սա կարող է նաև լայն ընթերցողի համար հետաքրքրություն ներկայացնել: Ես կարծում եմ, որ հայ-ռուսական համագործակցությունը և հատկապես ռազմատեխնիկականը ամենաբարձր մակարդակով, ամենախորը և վստահելի շրջանակներում է գտնվում և այդ հարաբերություններն են, որ պահպանում են տարածարջանում փխրուն խաղաղությունը: Այդ հարաբերություններն են, որ ընդհանուր անվտանգային միջավայրի համար ստեղծում են երաշխիքներ: Իսկ թե փորձագետներն ինչ կհրապարակեն, չեն հրապարակի, ըստ էության, նորից եմ կրկնում` մեծ արժևորման կարիք չունի:
- Չեմ ասում` նոտա, բայց ինչ-ինչ դիվանագիտական հետևանքների, ամեն դեպքում, անհրաժեշտություն չկա՞:
- Չեմ կարծում, ուղղակի անձամբ ինձ համար հետաքրքիր կլիներ, եթե այդ նույն փորձագետը նաև իր մասնագիտական կարողությունների շրջանակներում հրապարակեր Ադրբեջանի վերաբերյալ տվյալները:
- Իլհամ Ալիևի Ադրբեջան կատարած այցից հետո Հայաստանում քննարկվեց, որ, փաստորեն, մինչ մենք հայտարարում ենք, որ Իրանին հավատարիմ գործընկեր ենք եղել պատժամիջոցների տարիներին ու դեռ պատրաստվում ենք ինչ-ինչ քայլերի, ադրբեջանա-իրանական կոնկրետ համաձայնագրեր են ստորագրում` էներգետիկ, ընդհուպ ռազմատեխնիկական:
-Ադրբեջանական մամուլը և քաղաքական շրջանակները սիրում են ուռճացնել իրենց հարաբերությունները, դրանց ավելորդ կշիռ և խորություն տալ, ես կարծում եմ, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները շատ խորը զարգանալու հեռանկարներ չեն ենթադրում` առկա բազմաթիվ կնճիռների պարագայում: Հետևելով` Ադրբեջանի նախագահի Իրան այցին և ստորագրված համաձայնագրերին, պետք է ասել, որ որպես ռազմավարական կամ խորը բնոււթ պարունակող համաձայնագրեր, ըստ էության, Թեհրանում չեն ստորագրվել: Ավելի շատ արարողակարգային խնդիրներ էին: Եվ Իրանն էլ որպես լուրջ և խորքային երկիր, նոր իրավիճակում շատ ավելի լայն և մեծ ընտրության հնարավորություններ ունի և չեմ կարծում, որ Ադրբեջանն Իրանի համար առաջիկայում կարևորվելու է: Մենք պետք է մտածենք ոչ թե Ադրբեջան-Իրան համագործակցությունն ու հարաբերություններն ինչ ուղղությամբ կզարգանան կամ չեն զարգանա, այլ մեր հիմնական խնդիրը պետք է լինի Իրանի հետ մեր ունեցած ջերմ, բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները զարգացնել` հնարավորություններ գտնելով և դրանք զարգացնելով` հնարավորություն տալ Իրանին նաև դուրս՝ ավելի մեծ շուկաներ և Հայաստանի տարանցիկ հնարավորություններն օգտագործել` Հայաստանում նաև էներգետիկ և կոմունիկացիոն խնդիրների վերաբերյալ Իրանի դերակատարությունը ավելացնել:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/12/artak-zaqaryan/1960050
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



