«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայկական ավանդական «ազգափրկիչ» ավանդույթի մեջ չի տեղավորվում, մենք չունենք նման ամբիցիաներ ու պլաններ. Այսօր հրավիրված բացօթյա մամուլի ասուլիսին հայտարարեց կուսակցության վարչության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մեկնարկելով լսումների շրջայցը նախապատրաստվում են ընտրությունների և դրանով քարոզչություն են իրականացնելու:
«Լուսավոր Հայաստանը լիբերալ քաղաքական ուժ է, որը չի համարում իրեն բոլորի կուսակցություն, քանի որ լիբերալները բոլորը չեն լինում»,- ասաց նա:
Իսկ թե քարոզչություն արվելու է, թե չէ, Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք գնում են ընդամենը մարդկանց լսելու: «Չենք գնում ասելու, թե ինչ ենք անելու, այլ հակառակը, թե իրենք ինչ պահանջներ ունեն մեզանից, ինչ ծրագրեր են ուզում, ինչպես են տեսնում ՀՀ-ի ապագան, ինչ տեսլական ունեն: Մեր տեսլականը և քաղաքացիների տեսլականը կարող են համընկել»,- ասաց նա և նշեց, որ նաև իրենց ծրագրերն, անպայման, կներկայացնեն:
Պաշտոնական քարոզարշավ ըստ նրա, հավանաբար, կսկսեն հունիս-հուլիս ամիսներին, այն քաղաքներում ու համայնքներում, որտեղ կունենան թեկնածուներ: «Դա առաջին հերթին Վանաձորն ու Գյումրին է, որն այս պահին կա, իսկ խորհրդարանական ընտրություններին, արդեն պաշտոնական քարոզարշավի մեկնարկից հետո»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ են լսել ժողովրդից արդեն իսկ ունեցած հանդիպումներին, Էդմոն Մարուքյանը նշեց, թե տարբեր առաջարկներ, քննադատություն ու կարծիքներ, և որևէ բանի հետ հույս չեն կապելու:
«Դրանք հավաքագրում ենք և եթե մենք հանդիպել ենք 10 մարդու հետ, 10-ից 7-ը մեզ հետ կապվում է, մենք նրանց ներգրավում ենք տվյալ համայնքի կառույցներում, մեր հանդիպումը հույս ու լույս է տալիս»,- ասաց նա և նշեց, որ ծրագրի ավարտին կամփոփեն բոլոր առաջարկություններն ու քննադատությունները և կներկայացնեն դրանք:
Կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանն իր հերթին հավելեց, թե մարդկանց ամենից շատ անհանգստացող խնդիրը արտագաղթն է, բայց ամենից շատ քննարկում են անարդարությունը, որին առնչվում են: «ՀՀ քաղաքացիներն ամենից շատ տուժում են հենց անարդարությունից»,- ասաց նա:
Թե «Լուսավոր Հայաստանը» որպես կուսակցություն ինչ նոր բան է առաջարկում, կուսակցության անդամ Արտակ Ոսկանյանը նշեց, թե նորությունն այն է, որ ցանկանում են երկխոսությունը դառնա երկկողմանի ճանապարհ: «Սա այն հարթակն է, որ իրենք իրենց մասնակցությամբ ներգրավվածությամբ կարող են փոփոխություն բերել»,-ասաց նա:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/12/edmon/1960133
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



