-Մերի՛, հաղորդաշարի անունը՝ «Կտոր մը Հայաստան», միանգամից ասոցացվեց «Կտոր մը երկնքի» հետ։
-Կբացե՞ք փակագծերը, թե ովքեր են հյուրերը:
-Իհարկե: Հաղորդաշարը ավելի շատ հեռուստատեսային ակնարկ է հերոսների մասին։ Շատ հետաքրքիր զրույց ունեցանք «Ստամբուլի աչքը» համարվող աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի հետ: Նա հյուրընկալել էր մեզ իր տանը ու երկար ժամանակ հարց ու փորձ արեց Հայաստանի մասին: Անգամ զարմացավ, թե ինչու անունս հայկական չէ: Թուրքիայի միակ հայ պաշտոնյան՝ Ստամբուլի օպերայի ու բալետի թատրոնի տնօրենը՝ Գևորգ Դավիդյանը, պատմեց, թե ինչ ավանդ են ունեցել հայերը Թուրքիայում՝ օպերան որպես արվեստի ճյուղ զարգացնելու մեջ: Ու անկեղծացավ, որ միշտ մտածել է, թե որն է իր հայրենիքը՝ Հայաստա՞նը, թե Պոլիսը: Խոսել եմ նաև այժմ Ֆրանսիայում բնակվող Անահիտ ու Ալեքսանդր Թոփչյանների հետ, շատ բովանդակալից զրույց ստացվեց՝ Ժան Պոլ Սարտրից ու իր կնոջ՝ Հայաստան այցից մինչև՝ ինչ զգացողություն ունի տղամարդը, ով ամուսնացած է Սովետական Հայաստանի ամենագեղեցիկ կնոջ հետ։ Կարծում եմ նաև, որ շատերը չգիտեն, որ Թաիլանդում է բնակվում աշխարհահռչակ հայ դիզայներ Պիեռ Քուքչյանը, ով զարդերի ու ժամացույցների էսքիզներ է անում աշխարհահռչակ բրենդների պատվերով, աքսեսուարներ պատրաստում հայտնի մոդելների ու աստղերի համար, իսկ նրա գործերից շատերը պահվում են Նյու Յորքի ու Տոկիոյի ժամանակակից արվեստի թանգարաններում։ Իսկ առաջին հաղորդումը նույնպես անակնկալ է. Ռալֆ Յիրիկյանին բոլորը գիտեն որպես լավ մենեջեր ու բարեգործ, սակայն քչերն են տեղյակ, թե նա ինչպիսի դժվար ճանապարհ է անցել այսօր այս դիրքին հասնելու համար, որ տանը պահում է թութակներ, ոզնի ու այլ կենդանիներ և իրականում ինչպես էր պատկերացնում Հայաստանը մինչև Երևան գալը։
-Նկարահանումներն ինչպե՞ս են անցնում՝ դուք սահմանափակ ժամանակ ունեք հերոսին բացահայտելու համար։ Եվ հետաքրքիր պատմություններ եղե՞լ են։
-Իհարկե, զվարճալի պատմություններ կան... Հիմնականում պատճառը տարբեր լեզվամտածողությունն է: Օրինակ՝ «սուղ» բառը մենք օգտագործում ենք «քիչ» իմաստով, իսկ արտերկրում բնակվում հայերը՝ «թանկ» իմաստով։ Ցեղասպանությունը վերապրած 104-ամյա Վարսեն մայրիկին էլ նկարահանումների ժամանակ ես փորձում էի որոշ բառեր թուրքերենով կրկնել, որպեսզի իմ հարցը ավելի հասկանալի դառնա իր համար... Բարձր տրամադրությունը ողջ նկարահանման ընթացքում ապահովված էր։

-Դուք վերջին մի քանի տարին «Ժամը լրատվականի» մեկնաբան էիք, աշխատում էիք ուղիղ եթերում, և այժմ ֆորմատով այսքան տարբեր նախագիծ։ Դժվա՞ր չէ։
-Իրականում ես ուղիղ եթերում աշխատել եմ 12 տարի։ Սկզբում «Էքսպրեսն» էր ՝ Գևորգ Ալթունյանի հետ, այնուհետև առավոտյան ծրագիրը, հետո նոր՝ «Լուրերը»։ Այս վերջին մեկ տարին փնտրտուքների մեջ էի, թե ինչ նախագիծ կուզենամ անել։ Հայաստան-Սփյուռք թեման ինձ միշտ էլ հետաքրքրել է, նամանավանդ որ արտերկրում շատ ընկերներ ունեմ։ Խոսեցի ընկերներիցս մեկի հետ, ձևավորվեց հրաշալի թիմ։ Հաղորդման փրոդաքշնը իրականացնում է «Asekose.am» ընկերությունը, որ նաև ուրիշ հաղորդումներ է նկարահանում, որոնք հայտնի են ինչպես համացանցում, այնպես էլ հեռուստադիտողների շրջանում: Այս պահին զբաղված ենք նկարահանումներով, որպեսզի այս ծրագիրը սիրվի ու ընդունվի հեռուստադիտողների կողմից։ Հետագայում, կարծում եմ, այլ հետաքրքիր նախագծեր նույնպես կլինեն։
-Եվ վերջում, նմանատիպ նախագծեր շուկայում կան, Ձերը ինչո՞վ կտարբերվի։
-Մենք զրուցում ենք հերոսի հոգու հայկական մասնիկի հետ։ Դա իրականում և՛ շատ դժվար է, և՛հեշտ։ Լսում ենք տարբեր կարծիքներ։ Շատերը նկարահանումներից հետո Հայաստան են այցելել, և մենք նրանց հետ մշտական կապի մեջ ենք։ Կյանքում հեծանիվ հորինել պետք չէ, ուղղակի պետք է անես ամեն բան՝ քո տեսակով ու հոգով։ Այստեղից է, որ արդյունքները տարբեր են։
Պատրաստեց Լենա Մինասյանը
Լուսանկարները տրամադրեց Մերի Շահինյանը