Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում տեղակայված «Ուրցաձոր» վերականգնողական կենտրոնի առյուծներից մեկը երեկ երեկոյան հարձակվել է վանդակին մոտեցած տղամարդու վրա և վնասել վերջինիս թևն ու ուսը։
Tert.am-ի հետ զրույցում նույն մարզի Արալեզ համայնքի ղեկավար Մարտիկ Թևոնյանն ասաց, որ տղամարդը 44-ամյա Արտյոմ Ավետիսյանն է եղել, ով Արալեզ գյուղի բնակիչ է։
«Կենդանիներ շատ է սիրում, իմացել է, որ այդտեղ առյուծ կա, բարձրացել է վանդակի մոտ, առյուծի թաթը շոյել է, ու սկսել են քաշքշել իրար: Տարածքում եղած մարդիկ հասել են օգնության»,- ասաց գյուղապետը:
Նա նշեց նաև, որ Արտյոմ Ավետիսյանին տեղափոխել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց, վիրահատություն է տեղի ունեցել:
«Հայրն էլ արջի հետ է ժամանակին կռվել: Ընտանիքով կենդանասեր են, հայրն էլ կոլխոզի մեղվապահն է եղել, արջը եկել է, որ մեղվի փեթակները տանի, պատմում է, թե արջի հետ «բարբա» էր կպել»,-պատմեց գյուղապետը:
Հարազատները գյուղապետին ասել են, որ 3-4 օրից պարզ կլինի, թե ինչ կլինի Արտյոմ Ավետիսյանի թևի վիճակը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/12/lion/1959976
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



