Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` մարտի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում` Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են 24-ամյա Էմիլ Պետրոսյանի վարած Volkswagen Vento մակնիշի 15 ՕՏ 207 համարանիշի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հաշվեկշռում գրանցված Урал մակնիշի ՊԲ 9 Ս236 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մոխրակույտի:

Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորուհին, որը երիտասարդ աղջիկ էր` տեղում մահացել է, ևս 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը` Մասիսի ոստիկանապետ Արտակ Ղազարյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Արարատի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներն ու Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և Урал-ի վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել