Tert.am-ը գրում է.
Հարևան երկրների միջև ձեռք բերված տարբեր համաձայնագրերը՝ Իրան-Ադրբեջան, Ադրբեջան-Վրաստան խոսում են այն մասին, որ Հայաստանը հերթական անգամ հայտնվում է մեկուսացման մեջ, և դա տարածաշրջանային մեկուսացման քաղաքականության է նմանվում. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
«Մենք տարածաշրջանային գրեթե բոլոր խոշոր ծրագրերից դուրս ենք մնում, և այդ պատճառով էլ մեր երկրում տնտեսական քաղաքականությունը կամ Հայաստանը տարանցիկ երկիր վերածելու քաղաքականությունը՝ կլինի մաքսային, առևտրային, կոնկրետ տարիֆերի, տարբեր վարչական բարիերներ ստեղծելու առևտրային գործարքների համար, գտնվում է անբարենպաստ քաղաքականություն վարողների շարքում: Արդյունքում այն երկրները, որոնք ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում, խնդիրներ չեն ստեղծում քաղաքացիների համար, ավելի հեշտ են վերածվում տարանցիկ երկրի»,- ասաց նա:
Ըստ Վիլեն Խաչատրյանի՝ Հայաստանում մաքսային արժեքի որոշման քաղաքականությունը բավական է, որ երկրում չցանկանան մաքսազերծում անել: «Այդ նույն տարբերակով էլ նախընտրում են Բելառուսում, ՌԴ-ում մաքսազերծում անել, նոր ներմուծել Հայաստան: Այսինքն՝ անգամ այդ առումով մենք մեր եկամուտները կորցնում ենք, միայն 2015-ին 1 մլրդ 170 մլն ներմուծում է կրճատվել, իսկ դա խոսում է, որ երկիրը` որպես առևտրային հարաբերությունների մեջ ընդգրկված երկիր, դուրս է մնում»,- ասաց նա:
Տնտեսագետը նշեց, թե պետք է շատ ավելի լիբերալ դիրք գրավել և թույլ տալ, որ մեր երկրի տարածքը տարանցիկ օգտագործեն: «Եվ եթե ապրանք է տեղափոխում, այնպես անել, որ նա որևէ խնդիր չունենա: Սա է հարցը, որը նաև կարելի է մաքսային մարմինների կողմից վարվող վատ քաղաքականության արդյունք համարել»,- ասաց նա:
Վիլեն Խաչատրյանի գնահատմամբ՝ միայն բառերով չէ, որ երկիրը դարձնեն տարանցիկ:«Ցածր չինովնիկից մինչև բարձր չինովնիկը այդ քաղաքականության կրողը պետք է լինի»,-ասաց նա:
Վիլեն Խաչատրյանը համաձայնեց՝ կարելի է խանդով վերաբերվել Վրաստանի քաղաքականությունը, որը ձեռնտու լուծում կորզեց Ադրբեջանից գազի ծավալների բավարարման համար և նշեց, որ ՀՀ-ն ևս ունի մանևրելու հնարավորություն: «Ուղղակի ինչ-ինչ պատճառներով չենք անում, պահի համար են մտածում, այլ ոչ թե երկարաժամկետ խնդիրների լուծման, և արդյունքում մեկուսացման մեջ ենք հայտնվում: Մեր երկիրը թույլ կարգավիճակ ունի, տարածաշրջանում, ինչու պետք է ապրանքները բերեն տեղափոխեն Վրաստան-Ադրբեջան-Իրան, և ոչ թե Վրաստան-Հայաստան-Իրան և այլն, շատ հարցեր կան, կամ տուսրիստական հոսքերի առումով: Ինչո՞ւ պետք է Վրաստանը տարեկան 2,200 մլն տուրիստ ընդունի, մենք՝ 1,2: Տուրիստական հոսքերի առումով ևս կարողացել է Վրաստանը տարածաշրջանում ակտիվ դիրք գրավել: Իհարկե, ծով ունենալու հանգամանքը ևս կա, բայց, այնուամենայնիվ, իր քաղաքականության մեջ Վրաստանը սկսում է Հայաստանին գերազանցել տարածաշրջանում և կարողանում է խնդիրները լուծել, իսկ մենք ճանապարհից դուրս կարգավիճակում ենք հայտնվում, դրա համար զարգացման տեմպերը մեզ մոտ այդքան դանդաղ են»,- ասաց նա:
Թե արդյոք ընդհանրապես քայլեր չեն արվում, տնտեսագետը նշեց, որ որոշակի առումով ակտիվություն նկատում է Իրանի հետ: «Առևտրային հարցերի շուրջ ինչ-որ զարգացումներ կան, բայց այդուամենայնիվ դեռևս դրանք էական չեն և այդ քայլերը մեր տնտեսության ցուցանիշների վրա չեն արտահայտվում»,- ասաց նա:



