Tert.am-ը գրում է.

Հայաստանում կրթական ոլորտի կարևորագույն խնդիրներն են ավագ դպրոցների բեռնաթափումը և մագիստրական կրթության որակի բարելավումն ու կապն աշխատանքային շուկայի հետ: Խոսելով կրթական համակարգի խնդիրների մասին՝ այսօր իր կողմից հրավիրված առաջին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը։

 

Նախարարը նախ հայտարարեց, որ բուհն ավարտելուց հետո ինքը շարունակել է մնալ գիտության մեջ՝ դասախոսել է և լրագրողների կողմից մշտապես բարձրացվող կրթական խնդիրներին ծանոթ է ներսից: Նա ընդգծեց, որ աշխարհում գոյություն ունի միջազգային կրթական չափորոշիչ, բայց ոչ միջազգային կրթություն և այդ համընդհանուր համակարգի մեջ յուրաքանչյուր երկիր կառուցում է իր տեսակի կրթությունը:
 

«Կա ամերիկյան, ռուսական, ֆրանսիական, գերմանական կրթություն: Մենք պետք է կարողնանք ներդնել կրթության մեջ հայկական տեսակը ու սրանք վերամբարձ խոսքեր չեն: Մենք կրթական շղթայի մեջ ունենք երկու օղակ, որոնք չեն կարողանում ինքնահաստատվել: Դրանցից մեկն ավագ դպրոցն է: Այն պետք է լինի այն տեղը, որտեղ երեխան, ավարտելով հիմնական դպրոցը, կարողանա նախնական մասնագիտություն ձեռք բերել: Այն ծանրաբեռնվածությունը, որ այսօր կա ավագ դպրոցում, չի թույլ տալիս, որ այն կատարի իր առաքելությունը»,-ասաց նա:
 

Հարցին, թե ինչպես է պետք լուծել խնդիրը, Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ կազմակերպվելու են քննարկումներ՝ մասնագիտական և հասարակական:

 

«Ավագ դպրոցները պետք է այնպես բեռնաթափենք, որ դրանք վերածենք գերազանցության կենտրոնների, որոնք կօգնեն երեխաներին կյանք մտնել: Հենց այդ ծանրաբեռնվածության պատճառով է, որ ծնողները չեն ցանկանում, որ երեխաները սովորեն ավագ դպրոցում: Փորձում են այդ տարիներին իրենց երեխաներին կենտրոնացնել մի քանի առարկաների վրա: Բայց ամբողջ աշխարհը այսօր առաջնորդվում է 12-ամյա կրթությամբ, և այս հարցի շուրջ բոլոր քննարկումները կավարտվեն, բովանդակային խնդիրների լուծման դեպքում»,-ասաց նա:
 

Մյուս կարևորագույն խնդիրը, ըստ նախարարի, մագիստրական կրթությունն է, որը որակական առումով ոչ մի բանով չի տարբերվում բակալավրի տված կրթությունից։ Ըստ նրա՝ մագիստրական կրթությունը բովանդակային առումով չի կարողանում ուսանողին կապել աշխատաշուկային:

 

«Մեր երկրում օրենքն ասում է, որ բակալավրիատը բացարձակ բարձրագույն կրթություն է, դա նշանակում է, որ ուսանողը մագիստրատուրա գնալով, պետք է ստանա նոր որակ, ձեռք բերի նոր գիտելիքներ: Շատ անգամ մագիստրատուրայում ծախսում ենք ավելորդ երկու տարի, որովհետև չենք տալիս որակ, որը հասու չէ բակալավրին: Երկրորդ խնդիրն այն է, որ այն ուղիղ կապ չունի աշխատաշուկայի հետ»,- ասաց նա և տեղեկացրեց, որ այս հարցի շուրջ ևս քննարկումներ են սպասվում:

 

Լևոն Մկրտչյանը նաև նշեց, որ առաջնային են կարևոր երեք փաստաթղթերի աշխատանքների ավարտումը՝ կրթության ազգային ծրագրի մշակումը, բարձրագույն կրթության նոր օրենքի նախագծի մշակումը և բուհական կառավարման ձևի մշակումը։ «Քանի դեռբուհերը չունեն իրական ինքնավարություն, դրանց որակից խոսելը դժվար է»,- ասաց նա:

 

Լևոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ գիտության հետ կապված խնդիրներին դեռ չի հասցրել խորությամբ ծանոթանալ, այդ պատճառով չցանկացավ անդրադառնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել