Մեր կյանքում կան այնպիսի իրողություններ, որոնք հրապարակային գործունեություն իրականացնելիս հաշվի չառնելը հանգեցնում են հակառակ արդյունքին կամ, առավել հաճախ, վերածվում են ծաղրուծանակի առարկայի: Քաղաքական/քաղաքացիական գործունեություն ծավալող անհատների պարագայում այս ամենը, առավել քան գործունեության որևէ այլ ոլորտի պարագայում, ուշադրության է արժանի: Ցանկացած մարդու (հատկապես քաղաքական կամ հասարակական գործչի) ինքնակրթվելու ձգտումը միայն ողջունելի է, բայց եկեք անկեղծ լինենք. կան մարդիկ, որոնց դրսևորած վարքն ու անգրագիտության աստիճանն այնպիսի անդառնալի հետք են թողնում հանրային ընկալումներում, որ ինչքան էլ տվյալ անհատը «ինքնակրթվի», միևնույն է, հանրային ընկալումները փոխելը չի ստացվելու, և արդյունքում նրա «ինքնակրթվածության» նոր մակարդակը միայն արժանանալու է ծաղրուծանակի: Խոսքը, բնականաբար, իրական զարգացման մասին չէ: Ասենք, վատ արտագրություն անելը ոմանց պարագայում գուցե իրոք առաջընթաց է, բայց դա լուրջ դեմքով առաջընթաց համարելը, մեղմ ասած, զավեշտալի է: Ուզենք, թե ոչ, քաղաքականության մեջ ձևավորված իմիջը շատ դեպքերում ռեբրենդինգի ենթակա չէ: Եկեք մի պահ պատկերացնենք. «Սամվել Ալեքսանյանի նոր հոդվածաշարը», «Առաքել Մովսիսյանը՝ հանրային կապիտալի ձևավորման և դրա ճիշտ կիրառելիության մասին», «ՀՀՇ-ի Գևորիկի քաղաքագիտական վերլուծությունը»: Հիմա եկեք ռեբրենդինգ արեք Սամվել Ալեքսանյանին, Շմայսին, ՀՀՇ-ի Գևորիկին կամ, ասենք, ՀՀԿ-ի տատիին: Ի՞նչ կստացվի արդյունքում: Վստահ եմ՝ միայն ծաղրուծանակի առարկա: Ու ընդհանրապես անլուրջ է նմանատիպ ծիծաղելի «ֆիլոսների» կողմից ծռտած (կներեք գռեհկաբանության համար) նյութերն անվանական քննարկելը կամ ծաղրելը: Այդպիսիներին ընդամենը պետք է մաղթել հնարավորինս «ԲԱՐԻԴՐԱՑԻԱԿԱՆ» ճանապարհ և վերջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել