Պատմության մեջ թերևս սա եզակի դեպք է, երբ Վրաստանը շատ գոհ է Հայաստանից, ավելի ճիշտ, մեր տնտեսական ներքին քաղաքականությունից, ամեն ինչ արվեց, որպեսզի ՀՀ քաղաքացիներս սպառենք վրացական արտադրանքը, օգտվենք վրացական ծառայություններից ու լցնենք Վրաստանի պետական բյուջեն ի հաշիվ մերի։ Ինքներդ նայեք՝ հազարավոր վարորդներ օգտվում են ավտոմեքենաների ու ավտոպահեստամասերի վրացական շուկայից, մեր մեքենաների տակ վրացական օգտագործած անվադողերը գնալով մեծ տոկոս են կազմում, բանը հասավ նրան, որ Վրաստանի հետ սահմանամերձ բնակավայրերից մարդիկ գնում են Վրաստան բենզին լցնելու, քանզի այնտեղ այն շուրջ երկու անգամ էժան է, մեր հազարավոր քաղաքացիներ ավիատոմսեր են գնում և թռիչքներ կատարում Թբիլիսիից, մեզ համար ավելի էժան է վրացական ծովափը, քան մեր հանգստավայրերը։ Վրացիներն իրենց խելոք քաղաքականությամբ «քամում» են մեզ, իսկ մենք զբաղված ենք ներիշխանական ինչ-ինչ հարցերով ու մամուլի շատ սիրուն հաղորդագրություններ կարդալով, որտեղ մեր պատասխանատուներն անընդհատ շատ կարևոր հարցեր են քննարկում ու կոչեր անում։ Զավեշտ է չէ՞
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել