«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս կնքված Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցման մասին համաձայնագրին, ասաց, որ մինչ այդ Հայաստանը Իրանի կողմից տարբեր տիպի առևտրային, գործնական փոխհարաբերությունների առաջարկներ է ստացել, սակայն չի կարողացել իրագործել, ու ոչ այն պատճառով, որ չի ուզել, այլ որ չի կարողացել ինքնուրույն որոշում կայացնել:
«Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունները լավացումը հնարավորություն էր տալու Հայաստանին երազելու, որ կկարողանանք ինչ-որ մի պայմանագիր կնքել Իրանի հետ: Սակայն, Իրանը հրաժարվեց Ռուսաստանի նավթի ծավալների կրճատման առաջարկից և ասաց, որ ինչ էլ լինի չի պատրաստվում նման բան անել, որովհետև ինքն ավելի շահագրգռված է իր պետության շահերն առաջ տանելուն, քան Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելուն: Դրա արդյունքում էլ եղավ Իրան-Ադրբեջան գործարքը»,- ասաց նա:
Անուշ Սեդրակյանն ընդգծեց, որ գործարքը անխուսափելի էր, ու դա Հայաստանի համար չպետք է անսպասելի լիներ, որովհետև ներկայումս առկա է Իրան-Ռուսաստան հարաբերությունների թեթևակի վատացում, Իրան-Վրաստան և Իրան-Ադրբեջան հարաբերությունների լավացում:
Հարցին, թե ինչպես կարող է Հայաստանը դուրս գալ ստեղծված փակուղուց, պատասխանեց. «Բնական է, որ Իրանը իր շահերով պետք է առաջնորդվի: Ստեղծված իրավիճակում ներքին ելք Հայաստանում չկա, բայց կան գեոպոլիտիկ ելքեր: Միայն արտաքին դաշտի խոշոր փոփոխություններն են, որ ի զորու են բերել որոշակի իրական փոփոխություններ մեր ներքին կյանքում: Սպասենք, տեսնենք ով կլինի ԱՄՆ-ի նոր նախագահը, և ի վերջո, Ռուսաստանն էլ մի օր ստիպված կլինի պահպանել իր սեփական ակտիվները ու չմասնակցել պատերազմներին: Այդ ժամանակ կտեսնենք, թե ինչ փոփոխություններ կմտնեն»:
Հարցին, թե վերոնշված պայմանագրից հետո Հայաստանը պետք է վերջնականապես հրաժարվի Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ծրագրից, քաղաքագետը նշեց, որ եթե իրականում քաղաքական կամք դրսևորվի, ապա երկաթգիծը հնարավոր կլինի կառուցել:
«Հավատացե՛ք, եթե Հայաստանում հանենք բոլոր կոռուպցիոն փողերը... այո՛, այդ փողը հնարավոր է գտնել ցանկության դեպքում, պետական շահը գիտակցելու դեպքում, բայց ոչ մեկ դրա մասին չի ցանկանում խոսել: Դա հնարավոր է միայն ՌԴ-ի «դաբրոյի» դեպքում, իսկ Ռուսաստանը չի տալիս այդ «դաբրոն», ու դրա համար էլ մենք զրկված ենք բոլոր կոմունիկացիաներից»,- ասաց նա:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/09/anush-sedrakyan/1956778
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



