Տնտեսությունը չի ընդունում կուսակցական կատեգորիաներ: Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պետական կառավարման համակարգում կուսակցական պատկանելությունը որևէ դեր կարող է ունել՝ լավ կամ վատ աշխատանքի տեսանկյունից:
«Ճիշտն ասած, ձեռնպահ կմնամ զուտ քաղաքական պատկանելությամբ պայմանավորված, նման մեկնաբանություններից, որովհետև տնտեսությունը չի ընդունում կուսակցական կատեգորիաներ: Եթե մարդիկ ներգրավվում են պետական կառավարման համակարգ, աշխատում են միասնական ծրագրով: Դա տվյալ կառավարության ծրագիրն է, դա տվյալ նախագահի ծրագիրն է, դա իշխող մեծամասնության ծրագիրն է և դրա շրջանակներում իրենք պետք է գործեն և’ իրենց վարքագիծը կառավարչական որոշումների, և՛ տվյալ դեպքում` նախարարական մենեջմենթի համապատասխանեցնեն այդ ընդհանուր ծրագրի պահանջներին»,-նշեց Ատոմ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, մեկնաբանելով ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագրի ստորագրումը, նշել էր , դաշնակցական նախարարները կավելացնեն բյուջեի եկամուտները:
«Մենք ունենք շատ լուրջ հարց` կապված տնտեսությունն առաջ մղելու, արագընթաց զարգացնելու, մի քանի գլխավոր հարցեր լուծելու հետ: Առաջինը՝ տեղական արտադրողի խրախուսում, ներդրումների խրախուսում և արտահանման խրախուսում: Սրանք իրար հետ, եթե դիտեք, կտեսնեք, որ շատ ճիշտ տեղում են գտնվելու մեր նախարարները: Եվ իրար հետ փոխհամագործակցաբար, նաև դրսի ներուժն օգտագործելով, տարածքներն էլ պետք է զարգանան, և դրանից էկոնոմիկան էլ կշահի: Մենք էսօր խնդիր ունենք եկամուտներն ավելացնելու հետ կապված, և այն, ինչ որ մենք անում ենք, նպաստելու է եկամուտների ավելացմանը»,- խորհրդարանում հայտարարել էր Արմեն Ռուստամյանը:
Ի պատասխան հարցի, թե դաշնակցական նախարարների պարագայում հնարավո՞ր է, որ Սփյուռքի գործարարներն էլ ավելի շատ ներդրումներ անեն, ապա տնտեսագետը նկատեց. « Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը հայկական Սփյուռքն է, որը, իհարկե, ունի լուրջ հնարավորություններ, բայց, ցավոք, այդ հնարավորությունների օգտագործումը ինստիտուցիոնալիզացված չէ, ես շեշտում եմ այդ բառը, այսինքն` ներդրված չէ գաղափարական կազմակերպչական , ֆունկցիոնալ մեխանիզմների ու համակարգերի մեջ և սկզբունքորեն դա խնդիր է մեզ համար, եթե զուգահեռենք մեծ սփյուռք ունեցող այնպիսի երկրների հետ, ինչպիսին Իսրայելն է: Այս երկրում ամենը համակարգված ու ինստիտուցիոնալիզացված է»:
Այսինքն, ըստ Ատոմ Մարգարյանի, այս երկրում գոյություն ունեն վստահելի խողովակներ ու հարթակներ, որոնք Սփյուռքի ներդրողներին, գործարարներին, մենեջմենթի աշխարհի մարդկանց ու ֆինանսներին ստիպում են գալ մայր երկիր:
Ուստի, Ատոմ Մարգարյանն ավելացնում է .«Եվ մարդիկ, այն կուսակցություններից, որոնք ձևավորում են կոալիցիան կամ կառավարական համակարգը, ահա այս տեսանկյունից ու կոնտեքստում պետք է գործեն: Ինչ վերաբերում է կոնկրետ անձանց, տվյալ դեպքում, Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման ու զարգացման նախարարներ Արծվիկ Մինասյանին ու Դավիթ Լոքյանին, ապա չէին անձնավորի, թեև իրենց հաջողություն կմաղթեի որպես պրոֆեսիոնալների»:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/09/atom-margaryan/1957236
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



