Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Քննարկվել են արտահանման ներուժ ունեցող ընկերություններին լրացուցիչ մեխանիզմներով և գործիքակազմերով օժանդակություն ցուցաբերելուն ուղղված մի շարք հարցեր, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Նշվել է, որ կառավարության նպատակն է նպաստել տնտեսվարողների կողմից արտադրական հզորությունների ավելացմանն ու արտահանման ծավալների աճին:
Այնուհետև խորհրդին են ներկայացվել տարբեր ընկերություններից ստացված արտահանման աջակցության մի շարք հայտեր: Վարչապետը կարևորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության սերտ աշխատանքն ու համագործակցությունը հայտ ներկայացրած յուրաքանչյուր ընկերության հետ և նշել, որ անհրաժեշտ է քննարկումների արդյունքում հնարավորինս սեղմ ժամկետում ընդունել համապատասխան որոշումներ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/09/gov4/1956976
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



