Pastinfo.am-ը գրում է.
Բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝ «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ 
 
Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ծննդկան Մերի Մարգարյանին բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորել նաև «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգը։ Վերջինս, քննիչի՝ փետրվարի 18-ի որոշմամբ, նեգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ 
 
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել նաև Մերի Մարգարյանի հղիությունը հաշվառման վերցրած մանկաբարձ-գինեկոլոգին:
 
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել