Araratnews.am-ը գրում է.
Չինաստանի բնակչությունը, ավելի քան 1.4 մլրդ մարդու հասնելուց հետո, 2050 թվականին կկրճատվի՝ հասնելով 2015 թվականի ցուցանիշին: Այս մասին հայտարարել է Առողջապահության եւ պլանային ծննդաբերության հարցերի պետական հանձնաժողովի ղեկավար Լի Բինը:
Չինաստանի Ազգային վիճակագրական գրասենյակի տվյալներով, 2015 թվականին երկրի բնակչությունը կազմում էր 1.37 մլրդ մարդ: Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման 13-րդ պլանի նախագծի համաձայն (2016-2020 թ.թ.), ըստ կանխատեսումների, 2020 թվականին Չինաստանի բնակչության թիվը կկազմի 1.42 մլրդ մարդ: Իսկ 2050 թվականին այն կնվազի՝ հասնելով 1.38 միլիարդի:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, երկրի իշխանությունները զարգացման ծրագրով մտադիր են ամբողջությամբ կյանքի կոչել ընտանիքում երկրորդ երեխայի առկայության քաղաքականությունը: Լի Բինի խոսքով, դա կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
2015 թվականին կոմկուսը բոլոր ընտանիքներին թույլատրեց երկու երեխա ունենալ: 1970-ականների վերջին Չինաստանը «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականություն որդեգրեց՝ քաղաքներում թույլատրելով միայն մեկ երեխա ունենալ, իսկ գյուղերում՝ երկու, եթե առաջին երեխան աղջիկ է: Սակայն ժամանակի ընթացքում այս քաղաքականությունը հանգեցրեց ժողովրդագրական խնդիրների՝ գենդերային անհավասարակշռության եւ բնակչության ծերացման:



