Պատերազմի հետևանքով ավերված հայկական Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցին Հալեպում, արխիվAzatutyun.am-ը գրում է.

Սիրիահայ համայնքում անհամբերությամբ են սպասում խաղաղության հաստատմանը, ուշադիր հետևում են հրադադարի համաձայնությունից հետո տեղի ունեցող իրադարձություններին:

Օրերս Հալեպից Հայաստան եկած Րաֆֆի Ավետիսյանն ասում է՝ համայնքում հույս ունեն, որ հրադադարը վերջնական խաղաղության սկիզբ կդառնա և անցած 5 տարիներին պատերազմի պատճառով մեծ կորուստներ կրած հալեպահայ համայնքն աստիճանաբար կվերականգվի։

«Հուսով ենք, որ երկար կտևի։ Բայց մինչև այն ատեն, որ խմբավորումները այդքան շերտավորված են, և անոնց պատասխանատուներ մի քանի կողմեր են, այդ հրադադարը կըրնա որևէ մեկ վայրկյան փուլ գալ», - ասում է նա:

Հալեպը արտաքին աշխարհի հետ կապող միակ՝ Խանասերի ճանապարհը մինչև վերջերս գտնվում էր զինյալների վերահսկողության տակ։ Հրադադարի հաստատումից հետո ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհով անցնելը դեռևս վտանգավոր է: Րաֆֆին, ով ստիպված է եղել անցնել այդ ճանապարհով, ասում է՝ ճանապարհին զինյալները վնասել էին ավտոմեքենաներից մեկը, մեկ ուղևոր էլ մահացել էր:

Պատերազմի տարիներին Րաֆֆին ընկերների հետ միասին զբաղված է հալեպահայության օգնության մարմնում բարեգործական աշխատանքներով՝ աջակցություն են ցուցաբերում կարիքի մեջ հայտնված ընտանիքներին։

«Ինչ որ ըլլա, տակավին Հալեպ կմնա շնչող գաղութ, և մեզի համար, և համայն հայության համար մայր գաղութ կհամարվի, որովհետև տակավին, ես երբ Հալեպից դուրս եկա, արդեն ելույթներ կար, ձեռնարկներ կար և ժողովուրդը կփորձեր պայքարել այդ դժվարություններու դեմ և համայնքային բոլոր ձեռնարկները առկա են: Անշուշտ որոշ թվի, որակի նվազումով, բայց փառք Աստծո, ամեն ինչ իր ընթացքին է, և մենք կկարծենք՝ այս գաղութն իր ամեն դժվարություններով կվերականգնվի, և շուտով ընթացք կառնե առաջվա Հալեպը», - ասում է հալեպահայը:

Րաֆֆին ասում է, որ հրադադարի հաստատումից հետո Հալեպում վերականգնվել է ջրամատակարարումը, մի քանի օր նաև հոսանք է եղել, բայց այսօր քաղաքը նորից խավարի մեջ է ընկղմվել։ Էլեկտրակայանը պարբերաբար ենթարկվում է զինյալների գրոհին:

Սիրիական պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 100 հայ։ Տարբեր տվյալներով, պատերազմի պատճառով այդ երկրից դուրս է եկել հայության 70 տոկոսը։ Րաֆֆին ու շատ այլ սիրիահայեր կարծում են, որ Թուրքիան իր դերակատարությունն է ունեցել այս հարցում։

«Այս ամենուն հետ մեկտեղ, մենք իբր հայ՝ վստահ ենք, որ թրքական գործոնը շատ մեծ դերակատարություն ունեցած է հատկապես հայերը Հալեպեն դուրս հանելու կամ մղելու հարցում: Հալեպը ինչ-որ իրենց պատմական հողերը տեսնելու այդ իրենց հեռանկարը կամ երազներու կողքին հայերը ցավցնելու հստակ ծրագիր և այդ ծրագիրը գործադրելու տվյալներ կան», - ասում է նա:

Հալեպում բնակվող Մայդա Բակկալյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում փոխանցեց իր ուրախությունը՝ պատերազմից ի վեր առաջին անգամ խաղաղություն է փողոցներում, սակայն այսօր կրկին զրկվեցին խմելու ջրից և հոսանքից։

«Երանի-երանի այս դադարով մնանք», - ասում է Բակկալյանը:

Սիրիահայերը դեռ հավատում են՝ պատերազմի պատճառով նոսրացած համայնքը խաղաղության հաստատման պարագայում կրկին կվերամիավորվի։

«Համայնքի 1/3-ը տակավին Հալեպի մեջ է։ Եվ մեր ուրախությունը կամ լավը նա է, որ մեծ մասը Լիբանան ու Հայաստան է․ այդ մեկը մեզ հույս կներշնչե, որ անոնք կարող են օր մը վերադառնալ», - ասում է Րաֆֆի Ավետիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել