ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ կանցկացնի Վրաստանի հետ168.am-ը գրում է.

Ամերիկացի զինծառայողները մայիսին Վրաստանի Զինված ուժերի հետ դարձյալ զորավարժություններ կանցկացնեն, որոնք կկոչվեն Noble Partner («Վեհանձն գործընկեր»), որոնք, ինչպես անցած տարի, այս տարի ևս տեղի կունենան Վրաստանի տարածքում: Այս մասին Defence News շաբաթաթերթին հայտնել է ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը:

«Այդ զորավարժություններն ուղղված են Վրաստանի ազգային պաշտպանության ամրապնդմանը: Մենք դրանց մասնակցելու նպատակով կուղարկենք տանկային վաշտ, որը տրանսպորտային նավով կուղարկվի Սև ծովով, ինչպես նաև օդադեսանտային վաշտ, որը կուղարկվի օդով: Մեր զինծառայողները կգտնվեն վրացական գումարտակի հրամանատարության ներքո»,- հայտնել է ամերիկացի հրամանատարը:

Հոջեսը հայտնել է, որ այս տարվա մայիսին ամերիկացի զինծառայողները նաև կմասնակցեն Թուրքիայի ռազմական մանևրներին, իսկ հունիսին՝ Լեհաստանի ու Գերմանիայի տարածքներում անցկացվող զորավարժություններին:

Աշնանը կանցկացվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների համատեղ զորավարժություններ Ռումինիայում ու Բուլղարիայում: Վերջինս հայտնել է նաև, որ ԱՄՆ ցամաքային զորքերը Եվրոպայում ծրագրում են նաև կապեր զարգացնել Ալբանիայի, Չեռնոգորիայի, Սերբիայի և Մոլդովայի զինված ուժերի հետ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան 2017թ. ֆինանսական տարում Կոնգրեսից այդ նպատակների համար խնդրել է 3,4 մլրդ դոլար, ինչը քառակի ավելի է, քան այս տարում պահանջվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել