Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ 2016 թվականին Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ սպասվում են հետաքրքիր զարգացումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանը դեռևս չցանկացավ փակագծերը բացել, սակայն ավելացրեց, որ այդ նպատակով տարվում են համապատասխան աշխատանքներ: «ԱՄՆ Ջորջիա նահանգի`Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի ընդունումն այս տարի վերջին նման քայլը չի լինի»,- ասաց Բաբայանը: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը ողջունում է «Կալիֆորնիան կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի կոչը, ըստ որի` պետք է ԱՄՆ նախագահի թեկնածուների առջև բարձրացնել նաև Արցախի անկախությունը ճանաչելու հարցը:
«Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչման հարցերը պետք է շաղկապել միմյանց: Վերջին շրջանում տեսնում ենք, թե միջազգային ասպարեզում ինչպիսի մեծ համակրանք կա Արցախի նկատմամբ, դրա վառ օրինակն է Ջորջիա նահանգի վերջին որոշումը: Ադրբեջանն իր քարոզչությունը վարում է հիմնվելով կաշառքի վրա, իսկ մենք մեր գործունեությունը ծավալում ենք հիմնվելով արժեքների, ընկերության վրա: Վարձկանը երբեք չի դառնա գաղափարակից»,- նկատեց Բաբայանը:
Նրա խոսքով` անհրաժեշտ է որքան հնարավոր է ընդլայնել միջազգային ասպարեզում Արցախի անկախության ճանաչման գործողությունները և արդյունքները տեսանելի կլինեն:
ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն մարտի 3-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող 1580 բանաձևը: Բանաձևի հեղինակները և հիմնական ջատագովները նահանգային օրենսդիր մարմնում դեմոկրատ ներկայացուցիչներ Փեթ Գարդները և Դեմետրիուս Դուգլասն էին:
Ջորջիան ԱՄՆ վեցերորդ նահանգն է, որ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Մինչ այդ նմանատիպ բանաձևեր ընդունվել էին Կալիֆորնիայի, Լուիզիանայի, Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի և Մենի օրենդսիր մարմիններում:
Նյութի աղբյուր՝ http://armenpress.am/arm/news/838633/arcakhi-ankakhutyan-tchanachman-uxxutyamb-spasvum-en-hetaqrqir.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



