Armenpress.am-ը գրում է.
Արցախյան ազատամարտի հերոս Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) ծննդյան տարեդարձի կապակցությամբ հերոսի հարազատները, մի խումբ ազատամարտիկներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եռաբլուր զինվորական պանթեոնի կամարի մոտից երիտասարդական կազմակերպությունների, ազատամարտիկների, Վարդան Ստեփանյանի հարազատների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների մասնակցությամբ տեղի ունեցավ երթ-այցելություն հերոսի շիրիմին: Երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Վարդան Ստեփանյանի շիրմաքարին, ինչից հետո տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդան Ստեփանյանի քույրը՝ Արմինե Ստեփանյանն ընդգծեց, որ միջոցառման կազմակերպիչները երիտասարդներն են, ում համար Վարդանն ուղեցույց է: «Երիտասարդների համար Վարդանն օրինակ է, պարզապես հայ երիտասարդի օրինակ, ով իր կյանքի 26 տարիները նվիրել է իր ժողովրդին: Այսօր լրանում է Վարդանի 50-ամյակը: Նա ապրել է 26 տարի, այսօր նրա 50-ամյակն է. 26 ապրած ու 24 չապրած տարիներ, սակայն այդ ապրած և չապրած տարիները մեր երիտասարդության համար ուղեցույց են: Նրանք պետք է ապրեն Վարդանի, Վարդանի նմանների օրինակով, որպեսզի հարատևի այս երկիրը, այն երկիրը, որը կարելի է համարել դրախտավայր, որը պետք է միայն ու միայն հային պատկանի»,- նշեց հերոսի քույրը: Նա հավելեց, որ Վարդան Ստեփանյանի երազած երկիրն ունենալու համար պետք է ամեն օր այն կառուցել ու շենացնել:
«Մենք հիմա Վարդանի գործը շարունակողներն ենք, իսկ երիտասարդ մեր երկիրն ամեն օր կառուցելու արդյունքում կունենանք դրախտավայր Հայաստան: Վարդանն ասում էր, որ ամեն մարդ պարզապես պետք է զբաղվի իր գործով, ոչ թե յուրաքանչյուրն իրեն մեծ քննադատ համարի: Նա նշում էր, որ փողոց մաքրողն էլ պետք է սիրի այս երկիրը, որ սիրով ու հոգատարությամբ պահպանի ու փայփայի երկրի յուրաքանչյուր մասնիկը: Վարդանը 18 տարեկանում Աֆղանստան էր մեկնել, որովհետև գիտեր, որ հայը պետք է միշտ մարտունակ զինվոր լինի: Նա գիտեր, որ մենք մեր երկիրը պահելու խնդիր ունենք: Իսկ նա միշտ ասում էր, որ այս երկիրը միայն հայինն է, ու մենք ենք մեր երկրի տերը»,- եզրափակեց Արմինե Ստեփանյանը: Վարդան Ստեփանյանի զինակից ընկեր, ազատամարտիկ Արագած Մկրտչյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Դուշման Վարդանը համարձակ, իր ասածներին տեր կանգնող անձնավորություն էր: «Վարդանի հետ ես ծանոթացել եմ 1992թ.: Մինչ այդ նրա մասին գիտեի, սակայն պատերազմի տարիներին ծանոթացա հետը:
Երիտասարդ տղա էր, բայց շատ փորձառու: Շատ կազմակերպված էր, սիրում էր կարգապահություն: Մինչև կարգապահություն չլիներ, ամեն ինչ չլիներ այնպես, ինչպես ինքն էր ուզում, ճակատ դուրս չէր գալիս»,- ասաց Մկրտչյանը: Արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի ղեկավար Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ Դուշման Վարդանն օրինակ է հայ երիտասարդների համար. Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին հերոսի հիշատակին լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Դուշման Վարդանը ոչ միայն փորձառու մարտիկ էր, այլ նաև փորձառու հրամանատար:
«Նա հրամանատար էր, ով միշտ խորհուրդներ էր տալիս: Երբ Խորհրդային զորքերը դուրս եկան Լեռնային Ղարաբաղից, թշնամին մտածում էր, որ շուտով կկարողանա իր ձեռքը վերցնել Ստեփանակերտը, սակայն Դուշման Վարդանը անմիջապես խորհուրդ տվեց անմիջապես ազատագրել Ստեփանակերտի այն հատվածը, որն այդ ժամանակ ադրբեջանցիների ձեռքում էր: Եվ հենց Վարդանի նման տղաների շնորհիվ մենք ազատագրեցինք Ստեփանակերտի այդ հատվածն ադրբեջանցիներից ու քաղաքն ամբողջությամբ վերցրեցինք մեր վերահսկողության տակ»,-հավելեց Տեր-Թադևոսյանը:
Դուշման Վարդանը մասնակցել է նաև Շուշիի ազատագրման օպերացիային: Արկադի Տեր-Թադևոսյանը որոշ մանրամասներ ներկայացրեց Շուշիի ազատագրման ժամանակ նրա գործողություններից: «Երբ մենք ազատագրեցինք Շուշին, ադրբեջանցիները ցանկանում էին այն կրկին վերադարձնել իրենց: Նրանք հավաքեցին իրենց ուժերն ու միջոցները ու հարձակվեցին Շուշիի վրա, սակայն Դուշմանի գործողությունների շնորհիվ նրանք փախան: Վարդանն ականով պայթեցրեց նրանց զորքի առջևից եկող տանկը, որից հետո ադրբեջանցիները խուճապի մատնվեցին ու սկսեցին փախչել: Դրանից հետո Շուշիի վրա ադրբեջանցիներն այլևս չհարձակվեցին՝ շնորհիվ Վարդանի խիզախ գործողությունների», -նշեց Արկադի Տեր-Թադևոսյանը: Վարդան Ստեփանյանը զոհվել է 1992թ. հուլիսի 3-ին, երբ զինակից ընկերների հետ մարտական առաջադրանք է կատարել ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում:



