Tert.am-ը գրում է.
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի համար մարտի 8-ը ոչ այնքան տոն է, որքան պայքարը տարբեր խնդիրների շուրջ պայքարելու օր։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ, անշուշտ, կանայք ամբողջ աշխարհում շատ բանի են հասել, սակայն անելիքներն էլ դեռ շատ են, հատկապես Հայաստանում։
«Խելացի տղամարդու համար կինն Աստծո ընծա է, բայց նման տղամարդկանցից չէ միայն, որ մեր հասարակությունը բաղկացած է ու դրա համար շատ անգամ կանանց իրավունքները ոտնահարվում են, որովհետև նաև կանայք ֆիզիկապես թույլ են և իրենց ուժը չեն կիրառում իրենց պաշտպանելու համար։ Գիտնականները շատ անգամ են փորձել ապացուցել, որ կանայք քիչ ինտելեկտով են ու ունակ չեն որոշ գործեր անել, բայց կյանքն ապացուցեց հակառակը։ Բայց նաև պետք չէ նույնականացնել կնոջն ու տղամարդկանց. մենք չքնաղ տարբերություններ ունենք»,-ասաց նա։
Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ կանանց պատվավոր պարտականություններից է՝մասնակցել պետական կառավարմանը և հասարակական կյանքին։
«ՀՀ խորհրդարանում կանայք երկու-երեք անգամ ավելի քիչ են, քան շատ մուսուլմանական երկրներում։ Խորհրդարանում կանանց ընդգրկումն իշխանության համար դարձավ նպատակ։ Սակայն իշխանությունն ընդգրկեց այն կանանց, որոնք հայտնի չեն իրենց պայքարող տեսակով։ Ցավում եմ, որ ՏԻՄ ղեկավար կանայք գրեթե չկան, այնինչ եթե գնաք գյուղապետարաններ կտեսնեք, որ 90%-ը կանայք են աշխատում, նրանք են կազմակերպում աշխատանքները»,-ասաց նա։
«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ չթաքցրեց, որ չի սիրում այս տոնը, ավելին՝ չի ընդունում կանանց նվիրված մեկ ամսյակը մինչև ապրիլի 7-ը, որովհետև այստեղ խտրականություն է տեսնում։
«Ապրիլի 7-ն ինձ համար ավելի ընդունելին է, որովհետև սա մայրության տոնն է, իսկ մենք ամեն օր ենք պայքարում, ու ամեն օր պետք է մոր տոնը լինի ու տղամարդիկ պետք է գնահատեն իրենց կողքի կանանց, միայն այդ ժամանակ է կինը երջանիկ։ Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր որ այդ տոնը զգում են այնպես, ինչպես իրենք են զգում։ Ուզում եմ հիշեցնել բոլորին Մարգարիտ Թետչերի խոսքերը՝ որտեղ պետք է խոսել, հրավիրեք տղամարդկանց, որտեղ պետք է գործել՝ կանչեք տղամարդկանց»,-ասաց նա։
Հարցին, թե ո՞ր մարտի ութն է եղել իր համար ավելի հիշարժան, Անահիտ Բախշյանը պատմեց ծիծաղելով. «Ամուսինս՝ Յուրան, կյանքի մեջ մի անգամ նվեր առավ ինձ համար, հարամ արեցի։ Կուլոն էր նվիրել ու ինձ շատ դուր եկավ, բայց մենք վարձով էինք ապրում, ու հարցրի, թե ինչքան է գնել, ասաց՝ 30 ռուբլի, իսկ դա մեր մի ամսվա վարձի գինն էր։ Սկսեցի ջղայնանալ, թե ինչու է այդքան գումար ծախսել։ Դրանից հետո էլ ոչ մի նվեր այդ օրը չստացա»։



