Երբ անցած տարվա իր ասուլիսներից մեկում Վ.Պուտինը հայտարարեց Լենինգրադի փողոցներում իր ստացած դասերի ու «առաջինը խփելու մասին», ռուսական հասարակական շրջանակները մեծ ինտրիգով ու ներքին մեծ «սիմպատիայով» ընդունեցին նրա՝ այդ տղամարդկային դիտարկումը: Մեր հասարակությունը նրա այդ դիտարկմանը նույնպես շատ դրական վերաբերմունք ցուցաբերեց: Դե մենք «բոլորս» շատ ենք սիրում պարոն Պուտինին և դա անհերքելի փաստ է:

Սակայն պարոն Պուտինը իր այդ հայտարարությունից զատ չհիշատակեց մեկ այլ կարևոր «դաս», որ նա (ռուսական քաղաքական էլիտայի մի զգալի մասի հետ միասին) հավանաբար նույնպես ստացել էր լենինգրադյան (մոսկովյան) փողոցներում. «երբ երկու կողմերի միջև հակասություններ են առկա, ապա երրորդ կողմը պետք է ամեն բան անի, որ նրանց միջև ոչ միայն խնդիրը վերջնական լուծում չստանա, այլև ստեղծվի մի իրավիճակ, երբ երկու կողմերի դիրքորոշումները ենթակա լինեն երկարաժամկետ ազդեցության»: Նման գործելաոճը շատ տիպիկ է ոչ միայն «լենինգրադյան», «մոսկովյան» այլ նաև մեր՝ «երևանյան» փողոցին:

Երբ անհատները(կամ պետությունները) խնդիրներ են ունենում միմյանց հետ ու նրանցից որևէ մեկի ուժը, ազդեցիկությունը բավարար չէ մյուս կողմին «հաղթելու/ոչնչացնելու» համար, խաղի մեջ են մտնում երրորդ կողմերը, ու խաղը դառնում է լիովին նոր ֆորմատի. արդյունքում սովորաբար շահում է երրորդ կողմը՝ ազդեցության լծակներ ձեռք բերելով հակադրության բոլոր կողմերի վրա, կառավարելով իրավիճակը ու վերջարդյունքում իրեն շահեկան լուծում «պարտադրելով» կողմերին:

Քաղաքագիտական ու միջ.հարաբերությունների տեսության մեջ նման խնդիրները հետազոտվում են «կոալիցիոն խաղերի տեսության» կողմից, որի ներքո արդյունքի հնարավոր զարգացման մի շարք տարբերակներ են ներկայացվում:

Իսկ քաղաքականության մեջ ովքեր ծանոթ չեն «խաղերի ու կոալիցիաների տեսություններին» նրանք իրենց «գիտական բաց»-ը լրացնում են փողոցի փորձով, ու ի դեպ իրենց մոտ դա բավական լավ էլ ստացվում է, քանի որ հիմնականում թե՛ մեր քաղաքական դաշտում, թե՛ հետխորհրդային քաղաքական համակարգերում հենց նրանք են որոշում քաղաքական օրակարգը:

«Փողոցի կրթությունը» դիպլոմ չի տալիս, իսկ «փողոցի դասախոսները» կաշառման ենթակա չեն: Փողոցում իրական հմտությունը ստանում է նա, ով ունակ է ու ցանկանում է, իսկ գնահատականները տալիս է կյանքը ու միջավայրում նրանց ազդեցիկության գործակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել