Առաջիկա երկու տարիներին ԱՄՆ-ը ծրագրում է Շվեդիայում տեղակայել զենիթահրթիռային MIM-104 Patriot համալիրներ: Այս մասին հայտնում է TV4-ը:
Խոսքը ակնթարթային տեղաշարժման խոշորամասշտաբ զորավարժությունների և Շվեդիայում ժամանակակից օդային պաշտպանության ամերիկյան համակարգերի տեղակայման մասին է:
Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատար Ֆրեդրիկ Բեն Հոջեսի խոսքով՝ այդպիսով Շվեդիան կստանա իրեն ներկայումս պակասող սպառազինություն՝ իր օդային տարածքը պաշտպանելու համար: Դա նաև հստակ նախազգուշացում կլինի Ռուսաստանին, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն մտադիր են պաշտպանել Բալթիկ ծովի տարածաշրջանի երկրների օդային սահմանները:
Օրերս Շվեդիայում հրապարակվել է օրինագիծ, որի համաձայն՝ Շվեդիան պարտավորվում է իր երկրի տարածքը տրամադրել ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար: Եթե օրենքը ընդունվի, այն կարող է ուժի մեջ մտնել այս տարվա հուլիսի 1-ից:



