1 տարի 11 ամսյա բանտարկությունից հետո 2011 թվականի մայիսի 27-ին համաներմամբ ազատ արձակվեցի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից: Նկարում՝ իմ ազատության առաջին վայրկյաններն են:

Շնորհակալ եմ բոլոր այն փաստաբաններին, ովքեր պաշտպանել են քաղբանտարկյալների՝ այդ թվում իմ շահերը:

Շնորհակալ եմ բոլոր իրավապաշտպաններին, ովքեր զբաղվել են քաղբանտարկյալների, այդ թվում իմ գործերով:

Շնորհակալ եմ այն մտավորականներին, ովքեր ձայն են բարձրացրել քաղբանտարկյալների, այդ թվում իմ ազատության համար:

Շնորհակալ եմ այն քաղաքական գործիչներին, քաղաքական ուժերին, անհատ քաղաքացիներին, ովքեր պայքարել են քաղբանտարկյալների, այդ թվում իմ ազատության համար:

Շնորհակալ եմ լրագրող գործընկերներիս, ովքեր հանրային ուշադրութան կենտրոնում են պահել քաղբանտարկյալների, այդ թվում իմ հարցը:

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ընդհատակում ապահովել են իմ կեցությունը, անվտանգությունը եւ հաղորդակցությունը արտաքին աշխարհի հետ:

Շնորհակալ եմ Քրեակատարողական ծառայության այն աշխատակիցներին, ովքեր նույնիսկ ամենադժնդակ օրերին չեն կորցրել իրենց մարդկային դեմքը:

Շնորհակալ եմ նաեւ Քրեակատարողական ծառայության այն աշխատակիցներին, ովքեր նույնիսկ ոչ այնքան դժնդակ օրերին մարդկային դեմքը կորցրել են զարմանալի հաճախությամբ:

Նրանք ինձ օգնել են լինել ավելի ուժեղ, քան կարելի է պատկերացնել:

Եւ՝ ի վերջո, խոնարհվում եմ Մարտի 1-ի զոհերի բոլոր հարազատների առաջ:

Ներեցեք մեզ, որ չկարողացանք պահպանել Ձեր զավակների, եղբայրների, ամուսինների կյանքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել