Երևի մոտ մեկ տարի որևէ ֆիլմ չէի դիտել. դե հիմա ժամանակ չի լինում, գործ, կենցաղ, վերադարձ դեպի «գիտություն»... և այլն:

Այսօր աչքովս ընկավ ռուսական մի ֆիլմ, վերնագիրը «Կանդագար»: Ենթադրելի էր, որ այն Աֆղանստանի պատերազմի մասին է լինելու՝ համեմված Ռուսաստանի հերոսական քայլերի ավերջանալի պրոպագանդայով, հերոսների անձնազոհ քայլերով, տարբեր այլ «հայրենասիրական» համեմունքներով: Այդ մասին էր հուշում նաև ֆիլմի դերասանական կազմը, ովքեր սովորաբար հենց այդ կարգի ռուսական ռազմահայերանսիարական ֆիլմերում են նկարվում: Բայց պարզվեց, որ ամեն բան այդքան էլ պարզ չէ:

Պարզվեց, որ ֆիլմը փաստական դեպքերի մասին է, թե ինչպես ռուս օդաչուները 1995թ. գերի են ընկնում Աֆղանստանում ու մեկ տարի մնալով գերության մեջ, վերջում կարողանում են փախչել այդ երկրից: Ֆիլմը, որ աչքի չէր ընկնում զուտ ֆիլմային, ռեժիսորական կամ սցենարային որևէ առանձնահատկությամբ, ինձ հետաքրքրեց սցենարի հիմքում ընկած փաստական տեղեկությունների մասով: Մի բան էլ. ֆիլմում տղաների ազատման գործում մի գրամ ռուսական պրոպագանդա չկար(սցենարում իհարկե կարող էին ավելացումներ ու հավելումներ անել, բայց նման բան կարծես բացակայում էր):

Համացանցում գտա, այն փաստերը, որ ֆիլմի համար հիմք էին ծառայել. այսպես 1995թ. օգոստոսի 3-ին ռուսական Իլ -76 ինքաթիռը անձնակազմի 7 անդամների հետ միասին գերեվարվում է թալիբների կողմից Աֆղանստանում: Նրանք գերության մեջ են մնում 378 օր: Մյուս տարի օգոստոսի 16-ին նրանք սեփական ուժերով դիմում են փախուստի իրենց իսկ ինքնաթիռով և վայրէջք կատարում ԱՄԷ-ում. 2 օր հետ հասնում են ՌԴ: Այնտեղ օդաչուների անձնակազմի ղեկավարին ու երկրորդ օդաչուին տալիս են «Ազգային հերոս»-ի կոչում, իսկ անձնակազմի մյուս անդամներին «Խիզախության մեդալներ»:

Եթե անկեղծ, բացառիկ քայլի են գնացել այդ տղաները՝ հասկանալով, որ գեթ մեկ թերացում և վերջ՝ նրանց կսպանեն: Այս պարագայում խնդիրը ու տարակուսանքի առիթն այլ էր. ու՞ր էին ՌԴ-ի նման հզոր երկրի հատուկ ծառայությունները, տարբեր տիպի ու որակի քարոզչական բոլոր ֆռոնտներում անպարտելի ներկայացված «Ալֆաներն» ու «Վիտյազները», ԱՀԾ-ի «սպեցնազը», այլ՝ մեզ համար անհայտ հատուկ կառույցների հատուկ զորամիավորումները: Եթե նրանք ներգրավված լինեին այս գործում, պարզ էր, որ այդ մասին իշխանությունները ու իշխանամետ ԶԼՄ-ները առաջինը կհայտնեին: Սակայն նման բան կարծես չկար: Տղաները անտերության էին մատնված, ու հասկանալով իրավիճակը, նրանք գնացին այդ քայլին:

Պետության իրական հզորությունը, ոչ թե քարոզչականը, տեսանելի է այն ժամանակ, երբ երկիրն իր ամեն քաղաքացու համար կարող է գնալ ամենաբարդ ու դժվար լուծումների, երբ ինքնին ենթադրելի է, որ տղաների հետևից գալու էին, ու նրանք մենակ չէին մնալու: Հիշենք Իսրայելի, ում համար իր ամեն քաղաքացին արժեք է, ում համար նա կարող է անգամ խոշորագույն զիջումների գնալ ահաբեկիչներին ազատելու հարցերում:

Էս էն դեպքն է, երբ քաղաքացին իր ետևում պետք է զգա, իր պետության ու նրա ամեն մասի աջակցությունն ու օգնելու պատրաստակամությունը, երբ նա վստահ պետք է լինի այդ հարցում: Սակայն իրականությունը այն է, որ դժբախտաբար այս զգացողությունը բոլոր երկրների քաղաքացիներին չի տրված:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել