Պատմությունը ցույց է տվել, որ իշխանափոխությունները, հետընտրական կրքերը եւ բողոքի ոչ կանոնակարգված ձեւերը շատ քիչ դեպքերում են ծառայում իրենց բուն ՝ ժողովրդավարացման, երկրի տնտեսական եւ քաղաքական վիճակի բարելավմանը: 1991 թվականին ունեցանք առաջին կառավարությունը, որի գործունեությունը ծավալվում էր ծայրահեղ պայմաններում: Ռեժիմի չնչին սխալը հանգեցրեց ծայրահեղ հետեւանքների տնտեսությունում: Այդ սխալների հետեւանքները տնտեսական ծայրահեղ վիճակ առաջացրին տնտեսությունում մինչեւ 1994-1995 թվականները: Հետո, երբ սխալների հետեւանքները ակներեւ էին, ռեժիմը փորձեց դուրս գալ իրավիճակից: 1995 թվականից սկսվեց «տնտեսության վերակառուցման» ժամանակաշրջան, բայց անցկացվող բարեփոխումների արդյունավետությունը այնքան մեծ չէր, որ ստիպեր հասարակությանը կարծիքը փոխել վարչակարգի վերաբերյալ: 1999 թվականին նախագահի հրաժարականով ամբողջովին փոխվեց երկրի կառավարական դեմքը, գործունեության առաջխաղացման գլխավոր եւ երկրորդական ուղղությունները: Ռոբերտ Քոչարյանի կառավարման ավարտից եւ Սերժ Սարգսյանի կառավարման սկզբի ազդարարումից հետո տեղի ունեցան բողոքի զանգվածային ակցիաներ, որ ուղեկցվեցին կառավարող վարչակարգի կողմից ոստիկանության քաղաք բերմամբ եւ նրանց կողմից բողոքարարների նկատմամբ ոչ ադեկվատ գործողությունների ծավալմամբ: Սա ունեցավ 2 հետեւանք՝
1.Երկրում քաղաքական իրավիճակի սրում
2.Իշխող կառավարության նկատմամբ անվստահության մթնոլորտ ձեւավորեց հասարակության մեծ մասի մոտ:
Սերժ Սարգսյանի վարչակարգի հետապնդած քաղաքական գլխավոր նպատակները խիստ տարբեր դուրս եկան Քոչարյանի վարած քաղաքականության նպատակներից: Վարչակարգի քաղաքականության ոչ լիարժեք լինելու հավաստիքը առաջին հերթին երեւաց տնտեսության մեջ, երբ տնտեսական ճգնաժամի հետեւանքները խորը ազդեցություն թողեցին առաջին հերթին գյուղատնտեսության, քաղաքաշինութլյան մեջ: Վերջին տարում տեղի ունեցած փոփոխությունը հիմք է տալիս ենթադրել, որ ներկայումս իրականացվող քաղաքականությունը առաջիկա տարիներին տալու էր երախայրիքը:
Փետրվարին կայանալիք ընտրությունների արդյունքով թեւակոխելու ենք նոր դարաշրջան: Հորդորում եմ բոլորին իրենց որոշումը կայացնել ազատ, թափանցիկ քվերակությամբ` ոչ թե չմասնակցելով ընտրություններին եւ վերջում դուրս գալ փողոց արդարության պահանջով: Ընդվզումները միայն կխաթարեն երկրի քաղաքական բնականոն կյանքը եւ կընդհատեն ներկայիս կառավարության կողմից իրականացվող տնտեսության բարեփոխման ծրագիրը:



