Exclusive

Ռուսաստանաբնակ հայ երգիչ Էդգարը և ռուս էստրադային երգչուհի Իրինա Կրուգը զուգերգ են ձայնագրել, որի հիման վրա օրերս տեսահոլովակ են նկարահանել, իսկ բացառիկ մանրամասներն ու լուսանկարները վստահել են BlogNews-ին։ «А Ты Меня Люби» կոչվող երգի տեսահոլովակը հանդիսատեսի դատին կհանձնվի Վալենտինի օրը՝ փետրվարի 14-ին։

«Էդգարչիկը շատ համառ տղամարդ է, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Նա ինձ զուգերգի առաջարկ էր ուղարկել և պարբերաբար հիշեցնում էր իմ մենեջերներին այդ մասին։ 2 ամիս անց, ի վերջո, չդիմացա և լսեցի երգը։) Ես հիացած էի երգով ու Էդգարի նպատակասլաց բնավորությամբ։ Մենք հանդիպեցինք, ծանոթացանք ու սկսվեց ջերմ ընկերական ստեղծագործական պրոցեսը»,- BlogNews-ի հետ զրույցում ասաց Իրինա Կրուգը, Էդգարն էլ հավելեց, որ Իրինայի հետ զուգերգի գաղափարն իր պրոդյուսեր Տարոն Պողոսյանինն է։ «Տարոնն այս երգը տեսավ հրաշալի փխրուն աղջկա՝ Իրինա Կրուգի հետ զուգերգի տեսքով։ Ես միանգամից ոգևորվեցի այդ գաղափարով։ Արդյուքնում ստացվեց գեղեցիկ երգ, բացի այդ մենք շատ ջերմ ընկերացանք»,- նշեց նա։

Աննա Հովների հեղինակած «А Ты Меня Люби» երգն առաջին անգամ հնչել է ամենամյա «Տաշի շոու»-ի ժամանակ։ «Այն պայթեցրեց դահլիճը։ Աննային հաջողվել է մեր երգում ներդնել և՛ իմ, և՛ Իրինայի հոգիները։ Դրա շնորհիվ, կարծում եմ, որ ստացվել է շատ ներդաշնակ և անկեղծ երգ»։

Անդրադառնալով տեսահոլովակի սյուժետային գծին՝ Էդգարը նշեց,  որ հետաքրքիր սցենարով շատ տեսահոլովակներ ունի, այս մեկը զգացմուքնային է։ «Հրաշալի ռեժիսոր Սերգեյ Գրեյը խորհուրդ տվեց նկարահանել իմիջային էմոցիոնալ տեսահոլովակ, որում կլինեն միայն զգացմունքներ՝ առանց շեղող դետալների։ Ես միանգամից ըմբոստացա՝ ինչպես... մենք երկուսով սպիտակ ֆոնի վրա... սակայն երբ տեսա «Play back»-ը, ուրախ էի, որ վստահել եմ իր գործի գիտակին։ Հավատացեք, անկեղծ զգացմունքներին պետք չեն կողմնակի գույներ, դրանք վառ են ու մաքուր՝ առանց որևէ վուալի»,- նշեց Էդգարը։

Իրինան էլ նկատեց, որ նկարահանման հրապարակում շատ ոգեշնչող միջավար էր, իսկ Սերգեյի հետ աշխատելը շատ հաճելի ու հարմարավետ. «Ես շատ տպավորված եմ, թե ինչ աշխատակազմ էր հավաքվել, ինչպիսի ընկերներ ունի Էդգարը։ Մենք նկարահանել ենք միայն տաղավայրային տեսաահոլովակ, սակայն սյուժետային գիծը կդիպի յուրաքանչյուրի սրտին»։

Էդգարն ու Իրինան հույս հայտնեցին, որ այս երգը կդառնա սիրո հիմնը՝ հարազատ հոգիների համար։

      

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել