Թուրքիայի 1128 գիտնականներ կոչ են արել Թուրքիայի իշխանությանը քրդերի հետ խաղաղություն հաստատել ու, դադարեցնելով կոտորածը, գնալ բանակցության ճանապարհով: Թուրքիայի նախագահի մտերիմ ընկեր Սեդաթ Փեքերը, ով այդ երկրում է հայտնի է որպես իշխանության մահակ, սպառնացել է կոտորել բոլոր այդ գիտնականներին և նրանց արյունով ցնցուղ ընդունել:
Մեզ համար տարօրինակ, բայց Թուրքիայում որպես նորմալ ինֆորմացիա, դա հրապարակել են բոլոր թուրքական լրատվամիջոցները:
Ժամեր առաջ զրուցեցի Թուրքիայի արևելքում (Արևմտյան Հայաստանում) բնակվող քուրդ և հայ ծանոթների հետ, այնտեղ իսկական քաոս է, շարունակվում են համատարած սպանությունները, հատկապես՝ Դիարբեքիրում:
Սեդաթ Փեքերի սպառնալիքն, ի դեպ, լուրջ են ընդունել քրդերը՝ պատրաստվելով բռնությունների նոր՝ ավելի ուժեղ ալիքի: Օրեր առաջ զրուցեցի Դիարբեքիրի Սուրի նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի հետ, ասում է՝ ոչ մի լավ սպասելիք չունեն, և իշխանությունը որևէ կոնտակտի չի գնում:
Հարց. սա ձեռնտո՞ւ է արդյոք հայկական շահերին: Կարծում եմ, ինչքան երկար շարունակվի լարվածությունն այդ երկրում, այնքան մենք շահելու հնարավորություն կունենանք, սակայն քանի դեռ հայկական կողմը չունի ռազմավարական ծրագիր, ի՞նչ տարբերություն՝ Թուրքիայում լարվա՞ծ է, թե՞ հանգիստ: Դիարբեքիրի իմ լավ ընկեր Artin-ն ասում է՝ հայերին են վերադարձնում տեղի ևս 2 կրթական հաստատություն, հիմա աշխատանքներ են գնում մանկապարտեզը վերաբացելու ուղղությամբ, իսկ Մուշում ակտիվորեն գործում են հայկական միությունները:
Սա ռազմավարություն է, իսկ մեր իշխանական կողմը, կարծում եմ, հիմա առավել քան կարևոր է, որ կոնտակտներ հաստատի և՛ քրդերի, և՛ թուրքական իշխանության օղակների հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել