Lragir.am-ը գրում է․
Սաուդյան Արաբիան հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերութունները խզելու մասին։ Իրանի դիվանագիտական ներկայացուցչության անդամների պարտադրել են 48 ժամվա ընթացքում լքել երկիրը։

Սաուդյան Արաբիան ավելի վաղ մահապատժի է ենթարկել 47 մարդու, ովքեր մեղավոր են ճանաչվել ահաբեկությանը մասնակցելու մեջ։ Նրանց թվում է հայտնի շիա գործիչ Նիմր ալ-Նիմրը, ով 2012 թվականին ձերբակալվել է զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով։

Նիմրի մահապատիժը վրդովմունք է առաջացրել Իրանում։ Երեկ Իրանի խորհրդարանը կոչ էր արել Արտաքին գործերի նախարարությանն իջեցնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Սաուդյան Արաբիայի հետ։ Իրանի ԱԳՆ-ը պաշտոնական բողոք է հղել Էր-Ռիյադի գործողությունների կապակցությամբ։ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն էլ իր մոտ է կանչել Իրանի դեսպանին և բողոքի նոտա հղել։ Սաուդական կողմն Իրանի գործողությունները որակում է որպես իր ներքին գործերին կոպիտ միջամտություն։

Հունվարի 3-ի գիշերը իրանցի ցուցարարները հարձակվել են Սաուդյան Արաբիայի դեսանատան վրա՝ հրդեհելով շենքը։ Հարձակումից հետո ոստիկանությունը 40 մարդու է ձերբակալել։ Սաուդցի դիվանագետները տարհանվել են Դուբայ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել