Հայաստանում, ինչպես մնացած հետխորհրդային պետություններում, նոր տարին համարվում է կուլտային տոն, որը նշվում է մեծ պաթոսով և աննախանձելի դաժանությամբ ու ինքնախոշտանգման ռեժիմով։
Ի տարբերություն հետխորհրդային պետությունների՝ Արևմուտքում նոր տարին նշանակալի տոն չի ընկալվում, փոխարենը առանձնահատուկ ոգևորությամբ և ուրախությամբ նշվում է Սուրբ ծնունդը։
Ի՞նչն է տարբերությունը։
Նոր տարին որպես համաժողովրդական տոն ներմուծվեց խորհրդային իշխանության կողմից, որի նպատակն էր փոխարինել և մոռացության մատնել, ինչպես նաև արժեզրկել քրիստոնեության համար կարևորագույն տոն համարվող ու ամբողջ քաղաքակիրթ քրիստոնյաների կողմից տոնվող սուրբծննդյան տոները։ Սա սովետական աթեիզմի համար հասկանալի քաղաքականություն էր. մերժել և ոչնչացնել հոգևոր, արժեքային և գաղափարական ցանկացած երևույթ, որը չէր համապատասխանում սոցիալիզմի ու կոմունիզմի գերակա գաղափարախոսությանը։ Սուրբծննդյան տոնի փոխարեն պետք էր հորինել նոր, համարժեք տոն, որն իր մեջ չէր պարունակի որևէ արժեք, գաղափար, չէր ասոցացվի «բուրժուական» հռչակված Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ աղքատության ու չքավորության մեջ ապրող ժողովրդին կտար նոր հյուս և հավատ ապագայի նկատմամբ՝ ներկայի և անցյալի բացակայության պայմաններում։
Որպես այդպիսի տոն հաստատվեց Նոր տարին, այն ֆետիշացվեց և պաշտամունքի յուրօրինակ օբյեկտի վերածվեց բնակչության շրջանում։
ԽՍՀՄ փլուզումն էապես չփոխեց իրավիճակը, մենք նորից մոլագարին բնորոշ անգիտակցությամբ և կենդանական բնազդով շարունակում ենք նույն կերպ վերաբերվել այս աթեիստական տոնին։
Չնայած ԽՍՀՄ փլուզմանն ու կոմունիզմի կործանմանը՝ Սուրբ ծնունդը մեր շրջանում լայն տարածում չստացավ հասարակության շրջանում, այլ մնաց զուտ եկեղեցական տոն՝ բացառապես եկեղեցականների, քաղաքական գործիչների PR-ի ու մի փոքր խումբ հավատացյալների համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել