Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ օրակարգում չէ Վրաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը։Դեկտեմբերի 24-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանը, սակայն Վրաստանը դրա համար նախապայման է ներկայացնում՝ հետ վերցնել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման մասին որոշումը։
Աբաշիձեն հայտարարել է. «Մեր դիրքորոշումն այդպիսին է, այն նոր չէ։ Քանի դեռ խախտված է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, օրակարգում չի լինելու երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը։ Սակայն եթե այդ առումով նկատվի զգալի առաջընթաց, խոշոր տեղաշարժ, ապա ինչ-որ փուլում չի բացառվում, որ այդ հարցը կդիտարկվի»։
Վրաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



