Newmag.am-ը գրում է.Ասպետական սըր տիտղոսը կարող է նախորդել միայն անվանը (բայց ազգանվանը` երբեք): Այսինքն՝ կարելի է ասել՝ սըր Ալեկ Գինես, բայց սըր Գինես` ոչ մի դեպքում: Լորդի տիտղոսի դեպքում հիմնականում հակառակ պատկերն է, բայց ոչ միշտ:
Անգլիայի ազնվականության ծաղիկը` պերերի խավը (peerage), 5 աստիճան ունի՝ հերցոգ (duke), մարկիզ (marquess` ի տարբերություն ֆրանսիական marquis-ի), կոմս (earl և ոչ մի դեպքում` count, որը եվրոպական (մայրցամաքային) արիստոկրատիայի տիտղոս է, թեև անգլիական կոմսի տիկինը` կոմսուհին, այնուամենայնիվ կլինի countess), վիկոնտ (vicount) և բարոն (baron):
Լորդերի պալատի նոր ցմահ անդամներին, որոնք ազնվականության շարքին են դասվել պետության առջև ունեցած ծառայությունների համար, շնորհվում է ստորին` բարոնի տիտղոսը: Ամեն դեպքում այս տիտղոսը կենցաղում և արարողությունների ժամանակ չի նշվում, փոխարենը հիշատակվում է լորդի տիտղոսը, որը կարող է նախորդել միայն տիտղոսի անվանը: Տիտղոսի անվանումն ազգանունը չէ, սակայն կարող է համընկնել նրան (լորդ Բայրոն): Baron Olivier of Brighton տիտղոսն ամբողջությամբ ասելու փոխարեն ավելի ճիշտ կլինի ասել` լորդ Օլիվիե: Այս դեպքում անունը միշտ նախորդում է տիտղոսին. Ալֆրեդ, լորդ Թենիսոն կամ Ջորջ Գորդոն, լորդ Բայրոն:
Մարկիզի, կոմսի և վիկոնտի տիտղոսները նույնպես չեն նշվում ոչ պաշտոնական միջավայրում և փոխարինվում են լորդ-ով (օրինակ` Lord Salisbury կասենք Marquess of Salisbury ասելու փոխարեն, ընդսմին լորդի տիտղոսի դեպքում of նախդիրը չի գործածվում): Այս տիտղոսները, սակայն, պարտադիր և ամբողջական հնչում են արարողությունների ժամանակ: Տիտղոսի անվանումը, եթե չի համընկնում ազգանվան հետ, տարածքն է ցույց տալիս. օրինակ` Anthony Eden, Earl of Avon, և այս դեպքում ճիշտ կլինի ասել՝ լորդ Էյվոն (ընդսմին տիտղոսին նախորդում են և՛ անունը, և՛ ազգանունը):
Հերցոգի տիտղոսը երբեք չի փոխարինվում լորդի տիտղոսով:
Կան, սակայն, այսպես կոչված պատվո տիտղոսներ (courtesy titles), որոնք իրավական որևէ հիմք չունեն: Եվ այս տիպի տիտղոսների մեջ էլ կա լորդի պատվանունը: Այս ավանդական համակարգում հերցոգի ավագ որդին մարկիզ է, մարկիզի ավագ որդին կոմս է, կոմսի ավագ որդին` վիկոնտ: Հերցոգների և մարկիզների կրտսեր որդիները կրում են լորդ պատվանունը, սակայն այս դեպքում տիտղոսը նախորդում է անվանը. լորդ Պիտեր Ուիմսի: Հերցոգների, մարկիզների և կոմսերի բոլոր դուստրերը կրում են լեդի պատվանունը, որը նախորդում է անվանը. լեդի Ջեյն կամ լեդի Ջեյն Սեյմուր: Բայց եթե կինը լեդի պատվանունը ստացել է ամուսնու միջոցով, լեդի պետք է ասել միայն ազգանունից առաջ. Ջոան Փլոուրայթը, ըստ էթիկետի, պետք է կոչվի լեդի Օլիվիե, և ոչ մի դեպքում` լեդի Ջոան:
Վիկոնտների ու բարոնների որդիներն ու դուստրերը, կոմսերի կրտսեր որդիները կրում են արժանապատիվ տիտղոսը: Արարողությունների ժամանակ մարկիզի պատվանունին նախորդում է գերարժանապատիվ տիտղոսը:
Տիտղոսների ծագումնաբանությունը պայմանական է: Բարոն-ը հայտնվեց նորմանների նվաճումից հետո, բայց նախապես վերաբերում էր արքայական վասալ ասպետին: 13-րդ դարում արդեն կար ավագ բարոն – կրտսեր բարոն բաժանումը:
Անգլիայում առաջին վիկոնտը դարձավ Ջոն լորդ Բոմոնտը 1440-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2015/england/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



