BlogNews-ն իր ընթերցողներին պատմել է, որ աշխարհահռչակ սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան երեկ ժամանել է Հայաստան։ Այսօր նա իր խմբի՝ «The No Smoking Orchestra»-ի հետ համերգ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մինչ այդ նա հանդիպել է լրագրողներին ու պատասխանել հարցերին։
IMG_6625
«Ինձ համար մեծ հաճույք է լինել մի երկրում, որի հետ մենք շատ նմանություններ ունենք: Չնայած մի մեծ տարբերություն կա, դուք՝ հայերդ, շատ միասնական եք, ունեք պետականություն, որը ձեր հավաքական արձագանքն է արտահայտում Ցեղասպանության վերաբերյալ: Սերբական պատմության մեջ ամեն բան այլ կերպ է դրսևորվել։ Իմ ազգը, որը պարբերաբար գրոհների է ենթարկվել, կոտորվել է, միասնական հանդես չի գալիս դրա դեմ, նույնիսկ հակառակ գործընթացն է նկատվել, և զոհի կարգավիճակից մեզ փորձում են ներկայացնել որպես հանցավոր։ Ամեն անգամ այս երկիր գալիս ես բավականություն եմ ստանում ձեր ապրած ճանապարհից: Գոնե ձեր երկրում ամեն ինչ աներկբա է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց Կուստուրիցան:
IMG_6660
Նա կրկին հիշատակեց 3-4 տարի առաջ Թուրքիա այցը, երբ իրեն հարձակումների էին ենթարկում, քանի որ չէին ողջունում Ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը. «Ես ասացի, որ դուք չէ, որ պետք է ինձ ասեք, թե ինչ դիրքորոշում ունենամ, քանի որ 20-րդ դարի սկզբին դուք էիք, որ միլիոնուկես հայի եք կոտորել։ Երբ ես հեռացա երկրից, մի քանի օր անց շվեյցարացի մի կինոռեժիսոր էր Թուրքիայում, ով ուղղակի նման էր ինձ։ Նրան ծեծի ենթարկեցին։ Այսինքն՝ բնազդական արձագանքներ են տալիս։ Եթե ֆիլմ եք նկարում, գոնե պետք է Կուստուրիցային նման չլինեք։)»։
IMG_6674
Ինչ վերաբերում է հարցին՝  հնարավո՞ր է ֆիլմ նկարահանի հայերի, Հայոց ցեղասպանության մասին, ռեժիսորն անկեղծորեն ասաց, որ կինոյի հարցում խոստումներ շատ հեշտ է տալիս, սակայն կնկարահանի միայն այն դեպքում, երբ շարադրանքն իրեն դուր գա։
Բանախոսներից «Մեցցո» պրոդաքշնի նախագահ Կամո Մովսիսյանն ասաց, որ հպարտություն է ապրում նման միջոցառում կազմակերպելու և աշխարհահռչակ երաժշտի հետ հանդիպելու համար: Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն էլ նշեց, որ համերգը կարևոր է իրենց համար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում:
IMG_6658
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել