Shamshyan.com–ը գրում է.SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց կալանքի որոշում կայացնի` Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բնակիչ, 32-այա Կարեն Գագիկի Շահինյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրղ Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է` այսօր` դկետեմբերի 24-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող բուքմեյքերական ընկերությունում 28-ամյա Արթուր Նազարյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Շենգավիթի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները ձեռնարկելով հսկայածավալ ու հավաստի օպերատիվ գործողություններ` պարզել են, որ սպանությունը կատարել է Կ. Շահինյանը` դեկտեմբերի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, իսկ հետո կարմիր գույնի BMW մակնիշի ավտոմեքենայով առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում հատել է հայ-վրացական սահմանը, մինչդեռ ոստիկաններն ու քննիչները դեպքի մասին իմացել են ժամը 12:30-ի սահմաններում, երբ արդեն Կ. Շահինյանը, ով փաստացի բնակվել է Գարեգին Նժդեհի 15 շենքի 45 բնակարանում, արդեն «թռել էր» Հայաստանից:
Գ. Շամշյանի տեղեկություններով` կասկածյալ ճիվաղը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել: Հանցագործության բացահայտման օպերացիան ղեկավարել են Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, Շենգավիթի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ինչպես նաև Շենգավիթի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ ` բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ:
Վերջիններս իրենց խմբերով եղել են մի քանի հասցեներում և ձեռք են բերել հիմնավոր ապացույցներ` առանձնակի դաժանությամբ երիտասարդ տղամարդու սպանությունը բացահայտելու ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր` դեկտեմբերի 24-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել էր տղամարդու դի:
Ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում էին ոստիկանության փորձաքրեագետները և դատաբժիշկը: Տեղում էր նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Նշված գրասենյակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին տղամարդու դին, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, նա 28-ամյա Արթուր Նազարյանն էր:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ դին ընկած է եղել գետնին, իսկ գրասենյակն ամբողջովին պատված է եղել արյունով: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ տեղում էին նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազության մի քանի դատախազներ՝ դատախազ Արմեն Չիչոյանի գլխավորությամբ: Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները տեղում աշխատել էին՝ վարչության պետի տեղակալ Լյովա Սաֆարյանի և բաժնի պետի տեղակալ Տիգրան Զաքարյանի գլխավորությամբ, ովքեր վերցրել էին արյան նմուշներ, մատնահետքեր և այլ գործողություններ էին կատարել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2015/12/24/73663/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



