Այսպես, դեռևս դեկտեմբեր ամսվա սկզբին իրաքյան բանակային ստորաբաժանումները և նրան հարող ուժերը նախաձեռնել են արևմտյան ալ-Անբար նահանգի (սահմանակցում է Սիրիային, Հորդանանին, Սաուդյան Արաբիային) վարչական կենտրոնը հանդիսացող ալ-Ռամադի քաղաքի ազատագրման ռազմագործողությունը. քաղաքը վերջնականապես ԻՊ-ի վերահսկողության տակ էր անցել այս տարվա մայիս ամսվա կեսերին: Իրաքյան ուժերի առաջխաղացումը բավական դանդաղ էր ընթանում, չնայած այն հանգամանքին, որ քաղաքի դեմ գրոհն իրականացվում էր միաժամանակ 3 ուղղություններով. ընդ որում՝ ԻՊ-ի դեմ պայքարող ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն օդուժը ևս փորձում է հնարավորինս աջակցել ռազմագործողությանը: Եվ ահա, ըստ վերջին տեղեկությունների, իրաքյան բանակն արդեն իսկ պատրաստվում է մուտք գործել ալ-Ռամադի (գրառմանը կցված տեսանյութերից առաջինը): Այս քաղաքի վերջնական ազատագրումից հետո Իրաքում ԻՊ-ի վերահսկողության ներքո գտնվող ամենաառանցքային շրջանը կմնա երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը հանդիսացող Մոսուլը:
Ինչ վերաբերում է Սիրիային, ապա մի շարք չափավոր ու տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչներից կազմված հակակառավարական խմբավորումների միավորող «Սիրիական ժողովրդավարական ուժեր» (SDF) կոչված կառույցը դեկտեմբերի 23-ին պաշտոնապես հայտարարել է երկրի հյուսիսում՝ Եփրատ գետի ավազանում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող «Թիշրին» ջրամբարի ազատագրման ռազմագործողության մասին (գրառմանը կցված տեսանյութերից երկրորդը): Այս հանգամանքն, ըստ էության, նշանակում է Սիրիայում ԻՊ-ի կենտրոնը հանդիսացող ալ-Ռակկա քաղաքի համար պայքարի մեկնարկը: Պետք է նշել, որ SDF-ի ստորաբաժանումներին ևս էականորեն աջակցում է կոալիցիոն օդուժը:
Գրոհը սկսվել է հյուսիս-արևմտյան ուղղությունից, իսկ ռազմական գործողությունների թատերաբեմը ենթադրում է տարբեր էթնիկ խմբերով (շիայադավան և սուննիադավան արաբներ, քրդեր, թուրքոմաններ, ասորիներ) բնակեցված գոտի: Թիշրին ջրամբարն իրենից ներկայացնում է խոշոր շինարարական կառույց, որի միջոցով էլեկտրականություն է սնուցվում Սիրիայի հյուսիսային մի շարք շրջանների, այդ թվում նաև՝ ալ-Ռակկային (գրառմանը կցված տեսանյութերից երրորդը): ԻՊ-ի կողմից ջրամբարի պայթեցման հավանականությունը մեծ չէ, քանի որ նախ դրա հետևանքով էլեկտրականությունից կզրկվի նաև ալ-Ռակկան, ապա՝ չի բացառվում, որ պայթեցման հետևանքով հեղեղվեն ծայրահեղական կառույցի վերահսկողության ներքո գտնվող տարածքները:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ բուն ԻՊ-ի դեմ ձեռնարկվող գործողությունների առումով ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան և Սիրիայում ու Իրաքում նրան հարող կազմավորումները շատ ավելի առարկայական պայքար են մղում, քան Սիրիայում Ռուսաստանի առաջնորդությամբ միավորված ուժերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



