Hraparak.am-ը գրում է.

Երեւանի կենտրոնում երեկ՝ նոյեմբերի 10-ին, երեկոյան, ինքնահրկիզման փորձ կատարած 40-ամյա կնոջ վիճակը ծանր է: Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի» ղեկավար Նորայր Դավիդյանը: Նա նշեց, որ կինը դեռ շոկի մեջ է, գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում: «18 տոկոս այրվածք է ստացել, այրվել են ոտքերը, աջ ձեռքը, հիմնականում 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ են, հուսով ենք՝ կյանքը կփրկվի»,-ասաց տնօրենը:

Մեր տեղեկություններով՝ կինը քոլեջներից մեկում հավաքարար է աշխատում, ապրում է Արաբկիր համայնքում: Երկու երեխաների մայրը հայտնել է, որ ցանկացել է բենզին լցնել ու այդպես վերջ տալ  իր ու երեխաների կյանքին: Նման ծայրահեղ քայլի դիմլու պատճառները սոցիալական են, ամուսինն այստեղ չէ, արտագնա աշխատանքի մեջ է, ինքն է չի կարողանում վաստակածով երեխաներին պահել եւ գտել էր «ամենաավ տարբերակը»՝ «մեռնեն բոլորով»: 

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան՝ ժամը 23.10-ին Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում անձը չպարզված քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարրա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում 1975 թ. ծնված Լ. Ս.-ը երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը: Լ. Ս.-ը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ՝ վերին և ստորին վերջույթների շրջանում և հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել