Վերջին օրերին և հատկապես վերջին ժամերին մամուլում անընդհատ ականատես ենք լինում պարանոիկ հոգեխանգարումների և ջղաձգումների` կապված Գագիկ Ծառուկյանի որոշման և ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման հետ: Այժմ արդեն կարող եմ փաստել, որ պրովոկացիաների ու տարատեսակ բարբաջանքները իրականության քողի տակ ներկայացնելու` որոշ լրատվամիջոցների աննկուն ձգտումներն իրենց արդյունքը չտվեցին: Մենք, ի հեճուկս նման ճղճիմ հայտարարությունների ու վերլուծությունների հեղինակների, քաջ գիտակցում ենք, որ մեր երկրում նոր ցնցումներն ու ներկայումս առկա համեմատական անդորրի խաթարումը գուցե կործանարար լինեին մեր ժողովրդի և նույնիսկ պետականության համար: Մենք չենք մոռանում, որ գտնվում ենք մասնակի շրջափակման մեջ, չենք մոռանում, որ ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար նախ և առաջ պետք է խաղաղություն տիրի երկրի սահմաններից այսկողմ, չենք մոռանում, որ գուցե այդքան մոտ թվացող հաղթանակը շատերի համար բարենպաստ և արդյունավետ կլիներ, բայց առանց այն էլ ՀՀ ներքաղաքական իրավիճակը բավական լարված է, իսկ մենք երբեք չենք ձգտել ժողովրդին պառակտել և իրար դեմ դուրս բերել, մենք ազգային շահը գերադասում ենք սեփականից, և, ինչպես Գագիկ Ծառուկյանն է բազմիցս նշել, մենք պաշտոնների չենք ձգտում: «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունը և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հաստատակամ են իրենց ծրագրերը և նպատակները կյանքի կոչելու հարցում. մենք եղել և մնում ենք մեր ժողովրդի կողքին և շարունակելու ենք աջակցել բոլոր բնագավառներում առկա խնդիրների լուծմանը: Որպես ԲՀԿ խմբակցության պատգամավոր ինքս շարունակելու եմ Ազգային ժողովի ամբիոնից բարձրացնել մեր հասարակությանը հուզող հարցերն ու ստանալ դրանց պատասխանները, ի վերջո մենք հավատում ենք, որ ունակ ենք միասին կառուցել բարգավաճ երկիր: 
Հ.Գ. Կիսագրագետ «լրագրողներին» ու իրենց ֆինանսավորող «միսիոներներին» կոչ եմ անում այսուհետ կամք դրսևորել և սեփական գրպանն ու ստամոքսը լցնելու փոխարեն մի քիչ զբաղվել ուղեղը լցնելու նվիրական գործով, գուցե դրանից հետո արժանանաք հասարակության հարգանքին: Իսկ մինչ այդ կարող եք ձեր` դեմքից առանձնապես չտարբերվող հետույքները իջեցնել գոլ ջրի մեջ և վայելել հանգստություն, քանի որ քծնանքի ասպարեզում դուք հավասարը չունեք:
Հարգանքներով (որոշ հատվածին սա չի վերաբերում)`
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել