
«Սիրո գործակից» ռոմանտիկ կատակերգությունը հանդիսատեսի դատին հանձնելուց հետո դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանն ու իր թիմն արդեն աշխատում են նոր ֆիլմի վրա։ «Սուպեր մամայի» երկրպագուները կարող են ուրախանալ. BlogNews-ի հետ զրույցում Հայկն ասաց, որ նկարահանելու են «Սուպեր մամա 2»։
Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա հավանաբար հաջորդ տարվա աշնանը։ «Մեր ամբողջ ուժերը ներդնելով՝ մեկ տարվա ընթացքում հազիվ հասցնենք 1 ֆիլմ նկարահանել,- ասաց Հայկն ու նշեց, որ իրենք կարևորում են նաև որակյալ աշխատանք ստանալը, ապա հավելեց,- թեև կարելի է ասել, որ աշխատանքները 1 տարուց ավելի են տևելու, քանի որ մտահղացումներն արդեն կային, նախնական աշխատանքներ արդեն ընթանում էին մինչ «Սիրո գործակցի» պրեմիերան»։
Դերասանական կազմում փոփոխություններ կլինեն, թե՝ ոչ, Հայկն առայժմ չպատասխանեց։ Նա նշեց, որ «Սուպեր մաման» մեծ հաջողություն է ունեցել. այն հավաքել է 220 հազար հանդիսատես, ինչը ռեկորդային է եղել անկախ Հայաստանի պատմության մեջ: Այս անգամ նրանց թիմի խնդիրն ավելի բարդ է. «Պետք է հետաքրքիր հնարքներ մտածել, քանի որ այն միշտ համեմատելու են առաջին ֆիլմի հետ։ Պետք է այնպես անենք, «Սուպեր մամա 2»-ը չզիջի առաջինին»։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի