Հոդվածի վերնագրում բերված խոսքերը վստահաբար ծանոթ են ձեզ: Ամենքիդ հայտնի պետք է լինի Հենրիկ Սենկեւիչի «Յո՞ երթաս» ստեղծագործությունը (իմիջիայլոց, կարդում ենք «հո», այլ ոչ թե՝ «յո»): Այս խոսքերը պահպանված են կեղծ-Մարցելլոսին վերագրվող «Գործք Պողոսի եւ Պետրոսի առաքելոց» II-IIIդդ.-ի լատիներեն պարականոն երկում («Virtutes apostolorum Petri et Pauli»): Երկն ընդհանուր առմամբ համերաշխված է աստվածաշնչյան Գործք Առաքելոցի իրադարձությունների հետ եւ փորձում է լրացնել այն բացը, որը թողնված է Պողոս առաքյալի Հռոմում քարոզչության առնչությամբ: Այս գիրքն ուղղակիորեն վկայում է Պողոս եւ Պետրոս առաքյալների Հռոմում քարոզչության եւ սպանության, ինչպես նաեւ Վատիկանի հիմնադրման մասին:
Ստորեւ թարգմանված երկի դրվագում ներկայացված է Պողոս եւ Պետրոս առաքյալների մահվան դատապարտությունը Ներոն կայսեր կողմից՝ Սիմեոն մոգին պատուհասելու համար: Հատկապես ցանկացել եմ ձեզ ներկայացնել հուզիչ այն դրվագը, որտեղ Պետրոսը հանդիմանվում է Տիրոջ կողմից Հռոմից փախչելու համար եւ արտասանում է հիշյալ խոսքերը: Թարգմանությունը կատարված է լատիներենին հարազատ անգլերեն բնագրից. Alexander Roberts & James Donaldson - The Ante-Nicene Fathers (down to 325 A.D.), Vol. 8, Edinburg, 1956:

Հանիբալ Կարաչչի - «Domine, quo vadis?»,

 1601-1602թթ.


 Այնուհետեւ Պողոսն ու Պետրոսը հեռացվեցին կայսեր առջեւից եւ Պողոսը գլխատվեց* Օստեսյան ճանապարհին, իսկ Պետրոսը խաչի տարվելով ասաց.
- Քանի որ իմ Տեր Հիսուս Քրիստոսն, ով իջավ երկնքից երկիր, ճշմարտապես խաչը բարձրացվեց եւ շնորհ արեց ինձ՝ հողեղենիս, երկինք կանչվելու, ապա իմ խաչը պետք է գլխիվայր լինի**, որպեսզի իմ ոտքերը դեպի երկինք բարձրացված լինեն, քանզի արժանի չեմ իմ Տիրոջ պես խաչվելու:
Եվ նրան կապելով խաչին՝ գամեցին գլխիվայր: Մեծ ամբոխ էր ժողովվել, ովքեր հայհոյում էին կայսերը եւ ցանկանում էին սպանել նրան, բայց Պետրոսը հանդարտեցրեց նրանց՝ ասելով.
- Մի քանի օր առաջ, կանչվելով եղբայրների կողմից, ես հեռանում էի [քաղաքից], երբ իմ Տեր Հիսուս Քրիստոսը ելավ իմ առջեւ: Նետվելով դեպի Նա՝ ես ասացի. «Տե՛ր, ո՞ւր ես գնում»: Եվ Նա պատասխանեց. «Գնում եմ Հռոմ, որպեսզի խաչվեմ այնտեղ»: Ես ասացի նրան. «Տե՛ր իմ, բայց չէ՞ որ դու մեկ անգամ արդեն իսկ խաչվեցիր ամենքիս համար»: Տերը պատասխանեց ինձ ասելով. «Պետրո՛ս, տեսնում եմ քեզ մահվանից փախչելիս եւ ցանկանում եմ խաչվել քո փոխարեն»: Եվ ես ասացի. «Տե՛ր, ես կդառնամ եւ կկատարեմ քո կամքը»: Տերն ասաց ինձ. «Մի՛ երկնչիր, քանի որ ես քեզ հետ եմ»: Ուրեմն, մարդի՛կ, մի խոչընդոտեք իմ ընթացքը, որովհետեւ իմ ոտքերն արդեն երկնքի ճանապարհին են: Մի՛ տրտմեք, այլ հակառակը՝ ցնծացեք ինձ հետ, որովհետեւ ես այսօր կստանամ իմ վաստակի պտուղը:
Եվ այս ասելով՝ Պետրոսը դիմեց Տիրոջը.

Միքելանջելո - «Սբ. Պետրոսի խաչելությունը», 

1600-1601թթ.

- Գոհանում եմ քեզանից, Տե՛ր, հովիվ իմ, որովհետեւ այն ոչխարներին, որ հանձնեցիր ինձ, ոչ մեկին չկորցրի: Աղաչում եմ քեզ, Տե՛ր, որ ինձ հետ նրանք եւս մաս ունենան քո Արքայությունից:
  Արտաբերելով այս խոսքերը՝ Պետրոսն ավանդեց հոգին: Եվ անմիջապես առաջ եկան շնորհալի եւ զորավոր այրեր, ովքեր ասացին. «Մենք հասել ենք այստեղ Երուսաղեմից եկած Տիրոջ մեծ եւ սուրբ առաքյալներին հետեւելով»: Նրանք Մարցելլոսի հետ միասին, ով նշանավոր այր էր եւ հավատալով Պետրոսին հեռացել էր Սիմոն մոգից, վերցրին [Պետրոսի] մարմինը եւ ամփոփեցին մահապարտների կառափնարանին մոտ գտնվող մայրու ծառի տակ, այն վայրում, որ կոչվում է այժմ Վատիկան...
*Պողոս առաքյալն, ինչպես հայտնի է, Հռոմի քաղաքացի էր, իսկ քաղաքացիներին չէր կարելի խաչել, այլ մահապատժի կարելի էր ենթարկել միայն ծնկած դրության մեջ սրով գլխատման միջոցով:
**Պետրոսի խաչը միեւնույն Տիրոջ խաչափայտն էր, սակայն առաքյալը գլխիվայր խաչվեց: Այլ տեսք ուներ Անդրեաս առաքյալի խաչը, այն X-ձեւ էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել