Երևանի կառավարիչները, նրա մտավորական ավագանին, և ինչու միայն նրանք, մենք բոլորս, ցավոք, չենք հասել այն գիտակցմանը, որ Երևանը համայն Հայության սիրտն ու հոգին պիտի լինի: Այդ սրտի բաբախումներն են, որ պիտի ամենուր համակարգեն ու ներդաշնակեն յուրաքանչյուր հայի գործունեությունը, իսկ Երևան-Հոգուց տարածվող թրթռանքները պիտի ազգիս հոգևոր-մշակութային կյանքի ռիթմերը տանեն հասցնեն ամեն հայ հոգու: Ահա այսպիսին պիտի լիներ մայրաքաղաք Երևանի դերը Հայության կյանքում…
Երևանը, ցավոք, վաղուց արդեն այդպիսի խնդիր չի դնում իր առջև:
Նա կորցրել է Համայն Հայության Մայրաքաղաքի իր սակրալ նշանակությունը և վեր է ածվել կուրորտային քաղաքի նմանվող մի ժամանցավայրի, որի բնակիչներն իրենց կյանքը, կարծես, ընկալում են որպես ծննդյան ու մահվան միջև ընկած ուտել- խմելու, երգ ու պարով քեֆ անելու, համաշխարհային բոլոր տոներն (հելովին կլինի թե գրկախառնության, սիրո թե նամակագրության և այլն) անխտիր ու մեծ շուքով նշելու, ճամփորդություններով ու զանազան խրախճանքներով ապրելու համար հատկացված մի ժամանակահատված:

Այսօրվա Երևանն անգամ երեսուն տարի առաջվա ՎԱՐԴԱԳՈՒՅՆ դեմքով, թռվռան ու կենարար ավյունով լեցուն աշխատավոր «երիտասարդը» չէ: Նա մահճին գամված մահամերձ հիվանդի է նման…Մի հիվանդի, ում իր «հեքիմ-կառավարիչները» անվերջ զարդարելով, թշերին կարմրաներկ ու դիմափոշի քսելով, բոլորին փորձում են համոզել որ ամեն բան կարգին է… Երևանն այսօր, մանավանդ նրա կենտրոնը, գերեզմանոց է հիշեցնում. Դրսից շքեղ, ներսից...
Խորհենք այս մասին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել